Ալի Խամենեի. Միացյալ Նահանգների հետ բանակցելն արգելված է
«Միացյալ Նահանգների հետ բանակցելն արգելված է»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանի հոգևոր առաջնորդն իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատարների հետ ունեցած հանդիպման ընթացքում, անդրադառնալով Միացյալ Նահանգների՝ Իրանի հանդեպ որդեգրած քաղաքականությանը, մասնավորապես նշել է. «Այն, որ Միացյալ Նահանգների հետ բանակցելուն դեմ ենք, պատճառ ունի. ԱՄՆ-ի՝ Իրանի հետ բանակցելու նպատակն ազդեցության մեծացումն է, այսինքն՝ ցանկանում են ճանապարհ բացեն, որպեսզի հետո պարտադրեն»:
Հիշեցնենք, որ վերջերս Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ընդհանուր հրամանատարի տեղակալ, գեներալ Հոսեյն Սալամին «Բասիջ» ռազմական կառույցի մասնակցությամբ անցկացված զորավարժության մասնակիցների առջև ունեցած ելույթում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն Իրանի ժողովրդի թիվ մեկ թշնամին է:
Նշենք, որ 1979թ. նոյեմբերի 4-ին ԻԻՀ հիմնադիր Էմամ Խոմեյնիի կողմնակիցները գրավեցին Միացյալ Նահանգների դեսպանության շենքը՝ պատանդ վերցնելով դեսպանության 52 աշխատակիցների: Իրանցիները ԱՄՆ-ից պահանջում էին Մոհամմադ Ռեզա շահին հանձնել իրենց, որը մեկ օր առաջ բուժման նպատակով մեկնել էր Միացյալ Նահանգներ:
Ամերիկացի դիվանագետները գերության մեջ մնացին 444 օր, նրանք 1981թ. հունվարի 20-ին՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ռոնալդ Ռեյգանի երդմնակալության օրը, Վաշինգտոնում Ալժիրի դեսպանության միջնորդությամբ ազատ արձակվեցին:
Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո Թեհրանի և Վաշինգտոնի միջև խզվեցին դիվանագիտական հարաբերությունները: Ներկայում Իրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանությունը: