Մի րոպե հա՞, ի՞նչ եք ոգևորվել, պարոն Արզումանյան. Թեժ բանավեճ Ազգային ժողովում
Այսօր Ազգային ժողովում Հանրային հեռուստառադիոընկերության 2014 թվականի գործունեության վերաբերյալ խորհրդի հաշվետվության ժամանակ միջադեպ տեղի ունեցավ ԱԺ նիստերի դահլիճում: Կողմերը ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Ալեքսանդր Արզումանյանն էին:
Հաշվետվությունը ներկայացնող Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին ուղղված իր հարցի ժամանակ Մելքումյանը գովաբանեց Հ1-ի եթերը, ասաց, որ զգալի փոփոխություն կրել է ու հավելեց. «Հանրային հեռուստաընկերության եթերում լրջությունը պետականամետությունը զգացվում է, բայց կարծում եմ, դա բավարար չէ: Մենք օրինակ, չենք զգում ազատություն ձեր եթերում, երբ ասենք Պուտինը ինչ-որ քայլ է անում, «ՕՌՏ»-ով եթեր են բերում շատ գործիչների ու նրանք խոսում են, նաև քննադատություն հնչեցնում»:
Մելքումյանի այս հայտարարությունը հունից հանեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին, և նա մի քանի ռեպլիկներ արեց ու Մելքումյանին դիմելով հայտարարեց. «Մի հատ էլ Կիսելյով բերեք Հայաստան, թող էշ-էշ դուրս տա»:
«Մի րոպե հա՞, մի խանգարեք, ի՞նչ եք ոգևորվել պարոն Արզումանյան: Շատ կոռեկտ պահեք Ձեզ ու սրանից հետո մի ոգևորվեք», -դիմելով Արզումանյանին, հայտարարեց Մելքումյանը:
Պատգամավորների միջև հեռակա բանավեճը փորձեց հարթել նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Պարոն Արզումանյան, Ձեզ չի սազում: Էստեղ 131 պատգամավորներ կան, յուրաքանչյուրին չի կարող դուր գալ մյուսի հարցը, բայց դա իրավունք չի վերապահում տեղից ռեպլիկներ անել, խնդրում եմ իրար նկատմամբ հարգանքով լինենք: Չի սազում Ձեզ` ոչ Ձեզ, ոչ Մելքումյանին»:
Պատգամավոր Մելքումյանը շարունակելով հարցը Ջաղինյանին, նկատեց, որ Հայաստանում շատ խնդիրների վերաբերյալ Հ1-ի եթերում քննարկումներ չկան: «Լավ կլիներ, գային հեղինակավոր անձինք ու քննարկումներ ծավալվեին», -նկատեց Մելքումյանը:
«Միգուցե պետք է նման ծրագիր ունենալ Հանրային հեռուստաընկերության եթերում», -ի պատասխան հայտարարեց Ջաղինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում