Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը շտապողական տեքստ էր. Գալուստ Սահակյան
«Հանրապետական կուսակցությունը սատարող ուժ է եղել Ռոբերտ Քոչարյանին և կցանկանայի, որ ավելի բարձր արժեվորումներով քաղաքական գնահատականներ տրվեին», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը:
Հարցին, թե ԱԺ նախագահը տպավորություն չունի՞, որ Ռոբերտ Քոչարյանը դարձել է շարքային ընդդիմադիր, ԱԺ նախագահը պատասխանեց. «Տպավորություն չունեմ, որովհետև ընդդիմադիր դառնալու համար նախևառաջ պետք է հայտարարել»:
Անդրադառնալով Քոչարյանի գրասենյակի հայտարարությանը, որով չէին բացառել, որ ՀՀ 2-րդ նախագահը 2017 թվականին մասնակցի համապետական ընտրություններին, Գալուստ Սահակյանը ասաց. «Քաղաքականությունն իր տարբերակներն ունի, բայց Հանրապետականը արդեն իր քայլերով կանխորոշել է, որ ինքը առաջիկա մրցակցություններում կարող է դերակատարը չլինի, բայց բնականաբար, ընտրություններին պիտի մասնակցի»:
Հարցին, թե Քոչարյանը հնարավոր է հետ գա որպես ՀՀ նախագահ, Սահակյանը պատասխանեց, որ Քոչարյանը կուսակցության ներկայացուցիչ չէ: «2017 թվականը բավական հեռու է: Քաղաքականությունն իր պայմաններն է առաջարկում, բայց այս պահին չեմ կարծում, որ Հանրապետականը թեկնածուների որոնման մեջ է: Հանրապետականը ունի շատ թեկնածուներ», -հավելեց Սահակյանը:
Լրագրողը հետաքրքրվեց, թե Սահակյանն սպասում էր նման «հարված» Ռոբերտ Քոչարյանի կողմից, Սահակյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ դա հարված է կամ քննադատության այն ծիրն է, որն ավելին է, քան «ոչ»-ն է ասում»:
ԱԺ նախագահի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը «շտապողական տեքստ էր և լիարժեք քաղաքական կողմնորոշումների դրվագներ չունի»:
Մյուս հարցին, թե ԱԺ նախագահը արդյոք Ռոբերտ Քոչարյանին տեսնում է «Ոչ»-ի ճակատում, ԱԺ նախագահը պատասխանեց, որ ինքը չի պատկերացնում, թե «Ոչ»-ի ճակատն ինչ է: «Այդ ճակատը պետք է բնորոշվեր այն օրը, երբ Սահմանադրությունը քվեարկության էր դրվում, գոնե 55 մարդ պետք է հավաքվեր, ասեր`ոչ-ի ճակատից ենք», -հավելեց Սահակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան