Ուորլիքն աջակցում է շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու ԱՄՆ կոնգրեսականների առաջարկին
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը սատար է կանգնել ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոթ Էնգելի նախաձեռնությանը` ձեռնարկել միջոցներ, որոնք կօգնեն դադարեցնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի խախտման դեպքերը: Փոխանցում է «Ասբարեզ»-ը:
Ինչպես հաղորդվում է, Ջեյմս Ուորլիքը իր տեսակետը հայտնել է Հանրային հեռուստաընկերության ԱՄՆ-ի թղթակցին տված հարցազրույցում:
«Մենք ամբողջովին աջակցում ենք կոնգրեսականներ Ռոյսի և Էնգելի առաջարկած նախաձեռնությանը։ Վստահության կառուցմանն ուղղված քայլերը և հասարակություններին վերաբերող ծրագրերը նվազեցնում են լարվածությունը և հիմք դնում երկարատև խաղաղության հաստատման համար: Մենք կողմերին բարձրաձայնել ենք բոլոր այս նախաձեռնությունների մասին և կշարունակենք կատարել բոլոր քայլերը, որոնք կարող են հանգեցնել բանակցված կարգավորման»,- նշել է դիվանագետը:
Նշվում է, որ այս պահին կոնգրեսականները զբաղված են իրենց գործընկերների շարքում նոր ստորագրություններ հավաքելով: Ուորլիքին ուղղված կոնգրեսականների նամակից պարզ է դառնում, որ կոնգրեսականները հանդես են գալիս երեք հստակ առաջարկներով, որոնց ապահովման դեպքում, ըստ նրանց, կարելի է ԼՂ հակամարտության գոտում թուլացնել լարվածությունը և խաղաղության հասնել:
Կոնգրեսականները մասնավորապես առաջարկում են` շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու համար ստանալ հակամարտության կողմերի համաձայնությունը, շփման գծի երկայնքով տեղակայել լոկատորներ և ձայնային սարքավորումների զարգացած համակարգեր, որոնք կպարզեն, թե կողմերից ով է նախաձեռնում սահմանային լարվածությունը և ավելացնել ԵԱՀԿ դիտարկումներ իրականացնող առաքելությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան