Կասկած չկա, որ Սյունիքի մարզպետի եղբորորդին ևս ազատ կարձակվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ում կարդում ենք. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի առիթով հարուցված քրեական գործի միջոցով լուծվում է Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տողի ունեցած ծեծկռտուքի առիթով կալանավորված մարզպետի որդուն «ազատելու» հարցը: Մարզպետի դեմ մահափորձի գործով կալանավորված Արա Բուդաղյանը փաստացի պատանդի կարգավիճակում է: Այս ընթացքում ՀՀ ԱԱԾ-ի քննիչները չեն էլ փորձում ապացուցել նրա կապը մահափորձի հետ: Ըստ ամենայնի, Բուդաղյանին անազատության մեջ կպահեն այնքան ժամանակ, մինչև ՀՀ քննչական կոմիտեն կլուծի մարզպետ Խաչատրյանի բոլոր կալանավորված հարազատների ազատման հարցը: Ինչպես գիտենք, մարզպետի որդին և նրա վարորդի տղան արդեն ազատ են արձակվել: Օրերս էլ ինքնակամ ոստիկանություն է ներկայացել նաև Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սերոբ Խաչատրյանի որդին՝ Մայիսը, որը 4 ամիս հետախուզվում էր: Նրան, իհարկե, կալանավորել են, սակայն կասկած չկա, որ քննչական կոմիտեն նրան ևս ազատ կարձակի»: