Ադրբեջանից արտաքսվել է Amnesty International-ի անձնակազմը
Հաջորդ ամիս Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին խոսքի ազատությունը կայուն և խիստ հարձակման է ենթարկվում: Նման հայտարարությամբ է հանդես եկել Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն այն բանից հետո, երբ իր անձնակազմի երկու աշխատակից արտաքսվել է Ադրբեջանից։
Ինչպես նշվում է, Բաքու ժամանելուց հետո ադրբեջանական միգրացիոն ծառայության պաշտոնյաները առգրավել են Amnesty International-ի՝ ծագումով վրացի աշխատակիցների անձնագրերը։ Նրանք մի քանի ժամ անց արտաքսվել են երկրից։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իշխանություններին նախապես տեղեկացրել էր այցի վերաբերյալ, սակայն որեւէ պատասխան չէր ստացել։
«Ժողովրդին պարզապես որևէ հնարավորություն չի ընձեռնվում նշանակալի մասնակցություն ունենալ ընտրություններում, քանի դեռ Ադրբեջանում շարունակվում են ճնշումները մարդու իրավունքների ոլորտում և լռեցվում են Ադրբեջանի մի քանի անկախ ձայները,- նշել է Amnesty International-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Ջոն Դալհուզենը: Վերջինս նաև հավելել է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ Ադրբեջանի իշխանությունները մութ գաղտնիքներ են փորձում քողարկել արտաքին աշխարհից և որ իրենց անձնակազմի արտաքսումը միայն համալրում է այն լրագրողների ու իրավապաշտպանների տխուր շարքը, որոնք դարձել են հարձակումների թիրախ, ձերբակալվել են և բանտարկվել զուտ իրենց գործունեության համար։ «Կառավարության դեմ հնչեցված ցանկացած քննադատության և այլախոհության ճնշմանն ուղղված ռեպրեսիվ արշավը անթույլատրելի է»,- նշել է Դալհուզենը ։
Amnesty International-ը հիշեցնում է, որ այս տարվա հունիսին՝ Եվրոպական խաղերի նախաշեմին նախատեսված այցելությունից մեկ օր առաջ կազմակերպության անձնակազմին արգելվել էր մուտք գործել Ադրբեջան։ Մյուս տարի Բաքուն հյուրընկալելու է Formula 1 մրցաշարը, ինչպես նաև 2020թ Եվրոպական ֆուտբոլային առաջնության չորս խաղեր։
«Անցյալ ամիս ԵԱՀԿ-ն չեղյալ է հայտարարել նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրությունները դիտարկելու իր ծրագրերն այն բանից հետո, երբ ադրբեջանական իշխանությունները չափից շատ սահմանափակումներ են կիրառել կազմակերպության առաքելության նկատմամբ։ Դա լինելու է նավթով հարուստ Ադրբեջանի՝ 1991թ անկախության հռչակումից հետո առաջին ընտրությունը, որը չի դիտարկվելու ԵԱՀԿ կողմից։ Երկրում մարդու իրավունքների իրադրության վատթարացման մասին է վկայում նաև Եվրոպայում մարդու իրավունքների ոլորտում հիմնական մարմնի՝ Եվրոպայի խորհրդի՝ Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ աշխատանքային խմբից դուրս գալու որոշումը։ Խմբի նպատակն էր վերականգնել իշխանությունների և քաղաքացիական հասարակության միջև երկխոսությունը,- նկատում է Amnesty International-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա