Տիգրան Սահակյան. Վերջին տարիներին Հայաստանում զարգացում է ապրում նյարդավիրաբուժությունը
Երևանում այսօր մեկնարկեց Սևծովյան երկրների 9-րդ միջազգային նյարդավիրաբուժական համագումարը, որին մասնակցում են ոչ միայն Մերձսևծովյան երկրների մասնագետները, այլև ԱՄՆ–ի ու եվրոպական մի շարք երկրների նշանավոր բժիշկներ:
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը, այս համագումարի անցկացումը կարևոր նշանակություն ունի, քանի որ մասնակցում են և՛ Սևծովյան տարածաշրջանի երկրների մասնագետներ, և՛ ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից:
Ըստ նրա՝ համագումարի նպատակն է ծանոթանալ նյարդավիրաբուժության ոլորտում ախտորոշման և բուժման նորագույն ձեռքբերումներին, կլինիկական պրակտիկայում նրանց կիրառմանը, մասնագետների մակարդակի բարձրացմանն ուղղված կրթական ծրագրերի ստեղծմանը, ինչպես նաև հիվանդների բուժման արդյունքների բարելավմանը:
Ռ.Ֆանարջյանը նշեց նաև, որ համագումարը հատկապես կարևոր է երիտասարդ մասնագետների համար, քանի որ նպաստում է նրանց կրթությանն ու աշխարհայացքի ընդլայնմանը: «Եթե նյարդավիրաբուժությունը զարգանում է, ապա մեզ անհրաժեշտ են որակյալ կադրեր և այս միջոցառումներն են, որոնք հնարավորություն են տալիս երիտասարդ բժիշկներին վերապատրաստվելու, հասկանալու այն ուղղությունները, որոնք այսօր արդիական են ժամանակակից նյարդավիրաբուժության մեջ, ինչպես նաև տիրապետել այն հմտություններին, որոնք մենք են նրանց փոխանցում»,- ասաց Ռ.Ֆանարջյանը:
Համագումարի բացմանը ներկա էր նաև ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ով իր խոսքում կարևորելով նման համագումարների անցկացումը՝ նշեց, որ դրանց արդյունքում հայ բժիշկները հնարավորություն են ունենում համագործակցել արտերկրի իրենց գործընկերների հետ, բացի այդ դրանք մեծ նշանակություն ունեն մասնագետների միջև փորձի փոխանակման տեսանկյունից: «Կարծում եմ՝ արդյունավետ աշխատանքը բոլորիս համար հաջող կլինի»,- ասաց փոխվարչապետը:
Իր խոսքում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը նույնպես շեշտեց գիտաժողովի կարեւորությունը՝ ասելով, որ այն կնպաստի նյարդավիրաբուժության զարգացմանը ոչ միայն Հայաստանում, այլև Մերձսևծովյան բոլոր երկրներում: «Հետևելով ոլորտի լավագույն ավանդույթներին` համագումարը կձգտի հնարավորություն տալ կիսվել վերջին տասնյակ տարիների ընթացքում ձեռք բերված միջազգային փորձով և գիտելիքներով: Դա նաև կնպաստի տարածաշրջանի նյարդավիրաբույժների միջև համագործակցության հաստատմանը»,- ասաց փոխնախարարը:
Նրա խոսքերով՝ վերջին տասնամյակներում Հայաստանում զարգացում է ապրում նյարդավիրաբուժական գիտությունն ու ծառայությունը՝ ի շնորհիվ առաջատար մասնագետների, ինչպես նաև սփյուռահայ բժիշկների: «Անգնահատելի է հայկական սփյուռքի ավանդն, որը թույլ է տալիս մեր երկրի նյարդավիրաբուժությանը հանդես գալ միջազգային մակարդակում և տարբեր համագումարներին ներկայացնել սեփական արդյունքները»,- նշեց փոխանախարարը:
Նշենք, որ համագումարի շրջանակում նախատեսվում է նաև նոր տեխնոլոգիաների, դեղամիջոցների, բժշկական տեխնիկայի և սարքավորումների ցուցահանդեսի կազմակերպում, ինչպես նաև գիտաժողովում կլինեն դասախոսություններ՝ կանխարգելիչ նյարդավիրաբուժության, էպիլեպսիայի, սուր իշեմիկ ինսուլտի, լսողական նյարդի նեվրինոմայի դեպքում վիրահատական բուժման և շատ այլ թեմաներով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում