Կառավարությունը հաստատեց ՀՀ հարկային օրենսգրքի նախագիծը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի նախագծին: Ինչպես կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այս օրենսգիրքը բազմաթիվ ամիսների տքնաջան աշխատանքի արդյունքն է և ֆինանսների նախարարությունը ներկայացրել է իր տեսլականը՝ համադրելով հարկերի հաշվարկման, հաշվառման, վճարման պրակտիկան՝ տարբեր հարկերի մասով, ինչպես նաև միասնականացրել է բազմաթիվ սկզբունքներ:
Բացի այդ, ըստ վարչապետի, հարկային օրենսգիրքը ֆինանսների նախարարությունը ներկայացրել է տնտեսագիտական այն համոզմունքների վրա, որ պետք է հնարավորինս կրճատել արտոնությունները և դրանց փոխարեն առավել հասցեական սուբսիդավորում իրականացնել պետական բյուջեից:
«Այս մոտեցումը ողջունելի է, եթե իհարկե հնարավոր է արդյունավետ իրականացնել նման հասցեագրված սուբսիդավորումը: Ինձ անհրաժեշտ են հիմնավորումներ, որ արտոնություններից հրաժարումը ոչ թե վատացնում, այլ իրականում լավացնում է դրա կարիքն ունեցող մեր քաղաքացիների վիճակը»,- ասաց Հ.Աբրահամյանը:
Վարչապետը նշեց, որ այսօրվանից այս օրենքի նախագիծը պետք է քննարկել, սակայն մինչ դրա ընդունումը յուրաքանչյուր տնտեսվարող պետք է նախագծի մասին տեղեկացված լինի, հայտնի իր մտահոգությունները և ստանա պատասխաններ:
Հ.Աբրահամյանը հանձնարարեց էկոնոմիկայի, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների, բնապահպանության, առողջապահության, կրթության և գիտության նախարարներին մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնեն իրենց ոլորտի ներկայացուցիչների քննարկումների ժամանակացույցը:
«Նաև հորդորում եմ պետական մարմիններին ևս ակտիվորեն քննարկեն այս նախագիծը, քանի որ Հարկային օրենսգիրքը շատ կարևոր փաստաթուղթ է մեր տնտեսության զարգացման համար»,- նշեց վարչապետը: