4 տոկոս աճն այն աճը չէ, որը ժողովուրդը միանգամից պետք է զգա. Էկոնոմիկայի նախարար
4 տոկոս աճն այն աճը չէ, որը ժողովուրդը միանգամից պետք է զգա, դա պետք է հետագայում ավելի մեծ արդյունք ստեղծի, որպեսզի դա նկատելի լինի: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ պատասխանելով հարցին, թե հասարակ քաղաքացին չի լսում տնտեսական վերլուծություններ, ու երբ հայտարարվում է տնտեսական աճի մասին, նա պետք է դա իր մաշկի վրա զգա:
Նախարարի խոսքերով՝ եթե խոսում են ժողովրդի անունից, ապա կարող է բազմաթիվ ոլորտներ նշել, որտեղ և' եկամուտներն են ավելացել, և' աշխատավարձերը, օրինակ` ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը, ջերմոցներում, տրանսֆորմատորների արտադրությունում, հանքարդյունաբերությունում:
«Բոլորս ենք ուզում մեր մաշկի վրա զգանք տնտեսական աճը, մեր աշխատավարձն էլ հուլիսի 1-ից ձերի պես բարձրացել է: Եթե աշխատավարձ բարձրանալիս, եթե եկամուտներ ստանալիս մաշկի վրա չեն զգում, կներեք թույլ տվեք ես ձեզ հետ չհամաձայնվեմ, ուրեմն այդտեղ մենք մաշկի հետ խնդիր ունենք »,- ասաց նախարարը: