Կառավարությունը խրախուսելու է սփյուռքահայ գործարարներին. Կարեն Ճշմարիտյան
ՀՀ ներդրումային քաղաքականության հայեցակարգով առաջին ու կարևոր սկզբունքը «բաց դռների» քաղաքականությունն է: Այս մասին կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ ներկայացնելով Ներդրումային քաղաքականության հայեցակարգը, որն այսօր կառավարության կողմից հավանության արժանացավ:
Նախարարի խոսքերով՝ «բաց դռների» քաղաքականությունը իրականացվում է, բայց փաստաթղթային առումով չէր ֆիքսվել:
Ըստ նրա՝ ներդրումային քաղաքականության հիմնական նպատակն է ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ձևավորումը, կարգավորող միջավայրի թափանցիկության բարձրացումը, երկրի մրցակցային առավելությունների բացահայտումը, Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալների մեծացումը, շուկայական ենթակառուցվածքի զարգացումը, որակյալ և բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծումը, մարդկային կապիտալի զարգացումը և այդ բոլորի հիման վրա` տնտեսական կայուն աճի և բնակչության բարեկեցության ապահովումը:
Կ. Ճշմարիտյանն ասաց, որ որպես խնդիրների լուծման և սահմանված նպատակներին հասնելու հիմնական գրավական` Կառավարությունը կարևորում է մասնավոր հատվածում ներդրումների խրախուսումը:
Նախարարը հայտնեց, որ հայեցակարգով ուշադրություն պետք է դարձնել չորս հիմնական ուղղությունների վրա, որոնք այս կամ այն կերպ ազդում են ներդրումային քաղաքականության վրա: Առաջինը, ըստ նրա, առևտրային քաղաքականությունն է, այսինքն՝ առևտրի ոլորտում առավել պարզեցված և արգելքների վերացմանն ուղղված աշխատանքների իրականացումը, նպատակային առևտրային քաղաքականության իրականացնումն է:
Երկրորդ ուղղությունը մրցակցության ապահովումն է, մրցունակ միջավայր ստեղծելն ու պահպանելը, մրցակցության սկզբունքները հարգելը, անտեղի սահմանափակումներից խուսափելը: Երրորդ ուղղությունը վերաբերում է հարկային քաղաքականությանը, իսկ չորրորդ ուղղությունը, այսպես կոչված, կանաչ զարգացում մոտեցումն է:
«Սա ներդրումների համար ամենագրավիչ ոլորտն է, որը խթան է հանդիսանում հատկապես ինովացիաների համար»,- ասաց Կ.Ճշմարիտյանը:
Նախարարը նշեց նաև, որ հայեցակարգով կառավարությունն առանձնահատուկ պայմաններով խրախուսելու է սփյուռքահայ գործարարների ներդրումները:
«Այդ նպատակով սփյուռքահայերի համար ստեղծվելու է խրախուսման համար նպաստավոր միջավայր»,- նշեց Կ.Ճշմարիտյանը:
Հարցին, թե կառավարությունում հավատո՞ւմ են, որ այս հայեցակարգով ներդրումները Հայաստանում կաճեն, նախարարը պատասխանեց, որ եթե հույս չունենային, որ փաստաթուղթը նպաստելու է ներդրումների ավելացմանը, ապա ոչինչ չէին անի, ոչ մի հայեցակարգ չէին ընդունի:
«Սա միայն մեկ փաստաթղթով, միայն մեկ գերատեսչության խնդիր չէ, սա ընդհանուր միջավայրի հարց է»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ այս նպատակով նաև ձևավորելու են ներդրողների մտահոգություններին և բողոքներին արձագանքելուն ուղղված մեխանիզմներ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան