Պլատինի. «Սա փորձ է՝ վնաս հասցնելու իմ հեղինակությանը»
Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիայի էթիկայի կոմիտեն պաշտոնից ազատել է մի շարք ազդեցիկ պաշտոնյաների: Կոմիտեի արբիտրաժային պալատը նման որոշում է կայացրել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերի, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի ու ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի նկատմամբ: Նրանք հեռացվել են 90 օրով: Այդ ժամկետը կարող է ավելացվել 45 օրով:
Միշել Պլատինին արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որը հրապարակել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Երեկ երեկոյան ինձ հայտնեցին, որ ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն մտադիր է արբիտրաժային պալատին երաշխավորել՝ ինձ 90 օրով պաշտոնից հեռացնելու համար:
Միանգամայն այնհայտ է, որ գործը չափազանց լուրջ է, առավել ևս, որ տեղեկատվությունը, դատելով ամեն ինչից, տարածվում է ՖԻՖԱ-ի պաշտոնական աղբյուրից, չնայած այն բանին, որ էթիկայի կոմիտեն, որը պետք է լիարժեք անկախ գործի, դեռ նման որոշում չի կայացրել:
Այս տեղեկատվության միտումնավոր հրապարակումը, որն իր էությամբ չարամիտ է և անընդունելի՝ ձևով, այլ բան չէ, քան փորձ՝ վնաս հասցնելու իմ հեղինակությանը:
Վերջին շաբաթներին ես շեշտել եմ իմ պատրաստակամությունը՝ համագործակցելու այն մարմինների հետ, որոնք տարբեր հետաքննություններ են իրականացնում:
Ես միշտ ազնիվ, համարձակ ու անկեղծ եմ եղել, որովհետև դրանում բարոյական պարտք եմ տեսնում: Եթե այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ոչնչի առաջ կանգ չեմ առնի, քանի դեռ ճշմարտությունը չի բացահայտվել: Ոչ ոք չպետք է կասկածի, որ այդ հարցում ես վճռական եմ լինելու:
Միևնույն ժամանակ իրավաբանական անկախ ու օբյեկտիվ մարմինները պետք է լույս սփռեն իրադարձությունների վրա, որոնք հանգեցրել են էթիկայի կոմիտեի նման հետաքննության:
Ինչպես 2007-ից հետո եմ անում, պարտականություններս կատարում եմ ազգային 54 ասոցիացիաների հետ խորհրդակցելու արդյունքում, որոնց ներկայացուցիչներին խնդրում եմ անհապաղ հավաքվել Նիոնում: Ես բաց մթնոլորտում, որը միշտ առանձնացրել է իմ գործողությունները, կհանդիպեմ նաև այլ կոնֆեդերացիաների ու ազգային ասոցիացիաների ներկայացուցիչների հետ, որոնք ՖԻՖԱ-ի անդամ են:
Վստահ եմ, որ կհաղթահարենք այս դժվարությունները լիարժեք թափանցիկության ու համախմբվածության շնորհիվ, որոնք միշտ ֆուտբոլին այսպիսի ուժ են տվել»,- հայտարարել է Պլատինին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում