Ֆրանսահայ ճանապարհորդը 47 տարի շարունակ այցելել է Արևմտյան Հայաստան
Ստամբուլի ֆրանսիական մշակույթի կենտրոնը և Անատոլիայի ուսումնասիրությունների ֆրանսիական ինստիտուտը «Արևելյան Անատոլիայով 40 տարվա ճանապարհորդություն» թեմայով համատեղ միջոցառում են կազմակերպել:
«Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, միջոցառման ժամանակ իր տպավորություններով կիսվել է սփյուռքահայ Ստեփան Բուդոյանը, որը 47 տարի շարունակ ամեն տարի այցելել է այնտեղ, լուսանկարել պատմամշակույթային վայրերը, տեղի կյանքը, կենցաղը, մարդկանց:
«Trttürk» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Բուդոյանը հայտնել է, որ դեպի արևելք ճանապահորդելու հետաքրքրությունն իր մեջ արթնացել էր հոր շնորհիվ: Վերջինս 1965 թվականին Ֆրանսիայից ավտոբուսով էր Թուրքիա հասել, այցելել էր ծնողների տուն, իսկ վերադարձից հետո տեսածը զավակներին էր պատմել: Հորից հետո 3 տարի անց՝ 1968-ին, Ստեփան Բուդոյանը սկսել էր իր ճանապարհորդությունը:
Ըստ Բուդոյանի՝ սկզբնական շրջանում իր մտահաղացումը լավ չի ընդունվել: «Ֆրանսիայի հայերը այդ ամենին վատ էին վերաբերվում: Թուրքերն էլ կարծում էին, թե գանձեր ենք որոնում կամ էլ եկեղեցիներն ենք թալանելու: Որոշ տհաճ դեպքեր էլ են եղել, բայց արդեն ժամանակը փոխվել է ու վախն էլ՝ վերացել: Իսկ այսօր մեքենայիս վրա հայկական դրոշ կա, և առանց վախենալու շրջում եմ: Սա ինձ ուրախացնում է»,- ասել է Բուդոյանը:
Ըստ աղբյուրի, Բուդոյանին ամենաշատը տպավորել է Վանա լիճը և նրա շրջակայքը: Ըստ նրա՝ այնտեղ դեռևս շարունակվող մի պատմություն կա: 47 տարի անընդմեջ Թուրքիայով շրջագայած ճանապարհորդի կարծիքով Արևելքի (նկատի ունի Թուրքիայի արևելքը) հին պատմության մասին ամենից լավ պատմում են պաշտամունքային վայրերը:
Բուդոյանը տեղեկացրել է, որ լուսանկարների արխիվը մոտ ժամանակներս հասանելի կլինի համացանցում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները