Շատ կարևոր է, որ հանրաքվեն անցկացվի հնարավորինս ազատ, արդար և թափանցիկ. Աղվան Վարդանյան
Բնական է՝ մենք կողմնակից ենք, որ սահմանադրական բարեփոխումների քարոզարաշավը երկու կողմերի՝ «այո»-ի և «ոչ»-ի ճամբարների համար լինի հավասար: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Կողմանակից լինելով սահմանադրության փոփոխություններին, շատ կարևոր է, որ իսկապես հանրաքվեն անցկացվի հնարավորինս ազատ, արդար և թափանցիկ, վստահության մթնոլորտում դա տեղի ունենա»,- նշեց Ա.Վարդանյանը:
Նա միաժամանակ նշեց, որ ցանկացած պարագայում կլինեն մարդիկ, որոնք կքննադատեն, կասեն, որ հանրաքվեն ազատ, արդար չի եղել, բայց ՀՅԴ-ն իր պարտքն է համարում անել ամեն ինչ, որ այդպես լինի, ինչպես նաև անընդհատ քաղաքական ղեկավարությունից պահանջել, որ հնարավորինս լավ անցկացնեն հանրաքվեն:
«Եթե այդպես չլինի մենք մեր գնահատականը կտանք»,- նշեց նա:
Քարոզարշավի ընթացքում ՀՅԴ-ն շարունակելու է հանդիպումները տարածքային կառույցներում, այս պահի դրությամբ ՀՅԴ-ին մնացել է հանդիպումներ ունենալ Տավուշում և Սյունիքում:
Ինչ վերաբերում է քարոզարշավին իրենց մասնակցությանը, ապա, Ա.Վարդանյանն ասաց. «Մենք առնվազն մեր առանձին «Այո»-ի շտաբն ենք ստեղծելու, որևէ մեկի հետ չենք միավորվելու, քանի որ ունենք մեր ամբողջական փաստարկները»:
Հիշեցնենք, հանրաքվեն անցկացվելու է դեկտեմբերի 6-ին, այսպիսով այսօրվանից մեկնարկել է քարոզարշավը: