Հոկտեմբերի 9-ը՝ Հայաստանի լեռների և լեռնագնացների օր
Երրորդ տարին անընդմեջ հոկտեմբերի 9-ը նշվում է որպես Հայաստանի լեռների և լեռնագնացների օր: Այդ նախաձեռնությամբ 2013 թվականին հանդես է եկել Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան:
Այդ օրը ֆեդերացիայի անդամները կամփոփեն 2015 թ. առաջին կիսամյակի արդյունքները, կհայտարարվեն «Մարդը լեռներում» ֆոտոմրցույթի հաղթողների անունները, իսկ միջազգային վերելքների մասնակիցները կստանան իրենց դիպլոմները:
Ինչու՞ է ընտրվել հոկտեմբերի 9-ը: Շատերը տեղյակ են, որ 1829-ի հոկտեմբերի 9-ին (հին տոմարով` սեպտեմբերի 27-ին) Դորպատի (այժմ` Տարտու) համալսարանի պրոֆեսոր Ֆ. Պարրոտի արշավախմբի հետ Խաչատուր Աբովյանն առաջին անգամ վերելք է կատարել Արարատ լեռան գագաթը:
Այս տարվա ընթացքում ֆեդերացիան լուրջ արդյունքներ է արձանագրել: 2015 թ. հունվարից սկսած՝ ֆեդերացիայի անդամները և այս սպորտաձևի համախոհները 20 վերելք են կատարել դեպի աշխարհի բարձր կետերը՝ Էլբրուս (5642 մ), Կազբեկ (5033), Դեմավենդ (5610) լեռներ: Ընդհանուր առմամբ՝ վերելքներին մասնակցել է շուրջ 150 լեռնագնաց: Այս ցուցանիշն աննախադեպ է ֆեդերացիայի համար: Ընդլայնվել է նաև ֆեդերացիայի կազմը, որն ունի շուրջ 80 անդամ: Նախկինում անդամների թիվը շուրջ 50 էր:
Հարկ է նշել, որ ֆեդերացիան նախապատրաստվում է 2016-ին վերելք կատարել Պամիր լեռնաշղթայի 7 հազար մետր բարձրություն ունեցող լեռներից մեկը: