Սահմանադրության նախագծում դատական համակարգի բարեփոխման շրջանակներում հեղափոխական փոփոխություններ են կատարվել. Գագիկ Ղազինյան
Սահմանադրության փոփոխությունների նախագծում դատական համակարգում չնայած իրականացվելիք «հեղափոխական փոփոխություններին», այդուհանդերձ Գագիկ Ղազինյանի կարծիքով կան մտավախություններ հատկապես Վճռաբեկ դատարանի գործունեության վերաբերյալ:
Ներկայացնում ենք Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հարցազրույցը.
-Ի՞նչ վերջնական տեսք ունեն ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծի՝ դատական համակարգի վերաբերյալ գլխում կատարված փոփոխությունները։
-ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծում դատական համակարգի վերաբերյալ փոփոխությունները` նպատակ ունենալով ստեղծել օրենսդրական հիմք անկախ և արդյունավետ դատական համակարգի համար, հանձնաժողովը գնացել է երկու ուղղությամբ։
Այսպես, առաջին խումբ փոփոխությունները կապված են դատական իշխանության մարմինների, հատկապես վերանայման տարբեր ատյանների գործառութային (ֆունկցիոնալ) դերի հստակեցման հետ, ինչը արդյունավետ դատական համակարգ և ըստ այդմ` պատշաճ ադարադատություն ունենալու գրավականներից մեկն է։ Մասնավորապես, ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծում հստակեցվել է նաև վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիակը, որը գործող Սահմանադրության 92-րդ հոդվածում տրված կարգավորումների առկայության արագայում թե տեսաբանների և թե պրակտիկ իրավաբանների շրջանում տարաբնույթ մեկնաբանություների տեղիք էր տալիս։ Այս առումով, ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծում տեղ գտած փոփոխությունները հիմք են ստեղծել հետագայում ճյուղային օրենսդրության մեջ վճռաբեկ դատարանի՝ և որպես օրենքի միատեսակ կիրառություն ապահովող, և որպես անձի հիմնարար իրավունքների և աատությունների խախտման դեպքում արդարադատություն իրակացնող մարմնի կարգավիճակից բխող համաչափ օրենսդրական կարգավորումներ նախատեսելու համար։ Դատական համակարգի բարեփոխման շրջանակներում հեղափոխական փոփոխություններ են կատարվել նաև դատական իշխանության անկախությունը երաշխավորող մարմնի՝ գործող օրենսդրության իմաստով՝ Արդարադատության խորհրդի, իսկ ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծով արդեն՝ Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման և գործունեության կարգի, լիազորությունների կարգավորման առումով։ Իրենց բնույթով հեղափոխական այդ փոփոխությունները կոչված են երաշխավորելու այս մարմնի թե արտաքին և թե ներքին անկախությունը, ինչը թույլ կտա վերջինիս իրավամբ իրականացնելու դատական իշխանության անկախության ապահովման իր սահմանադրական առաքելությունը։
-Որքանո՞վ են կատարված փոփոխություններն ապահովում դատական համակարգի անկախությունը։
-ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծի՝ դատական համակարգի վերաբերյալ գլխում տեղ գտած փոփոխությունները հենց առաջին հերթին ուղղված են դատական իշխանության անկախության երաշխավորման կարևորագույն նպատակի իրացմանը։ Դատական համակարգի վերաբերյալ առաջարկված բոլոր փոփոխությունների համար ուղենիշ է ծառայել անկախ և արդյունավետ դատական համակարգ ունենալու գաղափարը։ Եվ ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծում իրավական նախադրյալներ են ստեղծվել իրապես անկախ դատական համակարգ ունենալու համար։ Միևնույն ժամանակ պետք է որոշակի վերապահում անել այն առումով, որ ՀՀ սահմանադրական փոփոխությունները, դրանց ինկորպորացման ուղղված՝ ճյուղային օրենսդրության մեջ կատարվելիք փոփոխությունները թեև կարևոր, անհրաժեշտ նախապայման, իրավական հիմք են դատական համակարգի արդյունավետ գործողության համար, այդուհանդերձ դրանք դեռևս բավարար չեն հաստատապես երաշխավորելու, որ դրանք պրակտիկայում կիրացվեն այն հաշվով, որ ապահովվի անկախ դատական համակարգի գոյությունը։
Այս խնդրի լուծման համար չափազանց կարևոր նշանակություն ունեն այլ պայմաններ ևս, մասնավորապես իրավակիրառողի համապատասխան մասնագիտական և մարդկային որակները, հասարակության իրավագիտակցության զարգացման մակարդակը, արդարադատության նկատմամբ հանրային պահանջի առկայությունը, որի հիմքը ձևավորված քաղաքացիական հասարակության գոյությունն է։ Այսպիսով, կարելի է փաստարկել, որ ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծով ստեղծվել են այնպիսի իրավական հիմքեր, որոնք այլ անհրաժեշտ, այդ թվում, արդեն իսկ հիշատակված պայմանների հետ մեկտեղ կարող են երաշխավորել անկախ դատական համակարգի գոյությունը։
-Որո՞նք են ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծում տեղ գտած այն իրավակարգավորումները, որոնց հետ սկզբունքային անհամաձայնություն ունեք։
-ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծում տեղ գտած որևէ կարգավորման հետ սկզբունքային անհամաձայնություն որպես այդպիսին գոյություն չունի, սակայն կան կասկածներ առանձին կարգավորումների արդյունավետության վերաբերյալ։ Այսպես, օրինակ, որոշակի մտավախությունների տեղիք է տալիս վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության առաջարկվող կարգավորումը, համաձայն որի՝ վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար Բարձրագույն դատարանի կողմից մրցութային կարգով ընտրված 3 թեկնածուներից՝ ՀՀ Նախագահին առաջակվող թեկնածուին ընտրելու է ՀՀ Ազգային ժողովը։
Այդ մտավախությունների հիմքն այն է, որ նախ իշխանության մի թևը լուրջ, որոշիչ մասնակցություն է ունենում մյուս թևի կազմավորման հարցում (այս կարգավորման խնդրահարույց լիենլու մասին հիշատակել են նաև Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն իրենց եզրակացության մեջ) և բացի այդ, միջանձնային հարաբերությունների մակարդակով պայմանավորված՝ կասկած է առաջանում, թե արդյոք ապագայում ձևավորվելիք Ազգային Ժողովը հնարավորություն կունենա իրականացնելու օբյեկտիվ ընտրություն՝ հիմնված բացառապես թեկնածուների համապատասխան արժանիքների վրա՝ զերծ մնալով, ցանկացած, այդ թվում՝ սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված ազդեցություններից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան