Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում ներկայացվելու է Հայոց ցեղասպանությանը նվիրված գրականություն
Հոկտեմբերի 14-18-ը Հայաստանն իր առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդես–տոնավաճառին: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:
Ցուցահանդեսում կներկայացվեն վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում, մասնավորապես, Գերմանիայում հրատարակված գրքեր, որոնց թվում կլինեն ինչպես պետական պատվերով ու աջակցությամբ, այնպես էլ մասնավոր հրատարակչությունների նախաձեռնությամբ հրատարակված շուրջ 300 անուն գիրք: Տաղավարի առանձին հատվածում կներկայացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված գրականություն:
Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակում՝ հոկտեմբերի 16-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանության թեմայով հրատարակված գերմանալեզու գրքերի շնորհանդես, որոնց թվում են Միհրան Դաբաղի, Քրիստին Փլաթի «Կորուստ և կտակ. հիշում են ցեղասպանության վերապրածները», Ռոլֆ Հոսֆելդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանություն», Միխայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը. Առաջին համաշխարհային պատերազմի մեծագույն հանցագործության մասին Պապական գաղտնի արխիվի չհրապարակված փաստաթղթերով», Յուրգեն Գոթշլիխի «Աջակցություն ցեղասպանությանը. Գերմանիայի դերը հայերի ոչնչացման մեջ», Թոմաս Հարթվիգի «Հայուհին» ստեղծագործությունները:
Ցուցահանդեսին հայաստանյան պատվիարակության կազմում կմասնակցեն մի շարք հրատարակիչներ և գրական կազմակերպություններ, այդ թվում` «Անտարես», «Զանգակ», «ԵՊՀ» հրատարակչությունները, «Բուկինիստ» գրախանութը, «Առաջին գրական գործակալությունը» և ուրիշներ:
Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդես–տոնավաճառին մասնակցում է ՀՀ մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ: