Իրանը հրաժարավել է մասնակցել Ֆրանկֆուրտի գրքի ցուցահանդես–տոնավաճառին գրող Սալման Ռուշդիի պատճառով
Իրանի իշխանությունները հրաժարվել են մասնակցել Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառին՝ ի նշան միջոցառմանը սկանդալային «Սատանայական բանաստեղծություններ» գրքի հեղինակ անգլիացի գրող Սալման Ռուշդիի ներկայության դեմ բողոքի: Այս մասին գրում է Նյուզռու.քոմ կայքը:
Իրանի պետական հեռուսաընկերությունը հայտնել է, որ մշակույթի նախարարությունը քննադատել է կազմակերպիչների՝ Սալման Ռուշդիին հրավիրելու որոշումը: Իրանը նաև կոչ է արել իսլամական մյուս պետություններին հետևել իր օրինակին:
Հարյուրավոր իրանցի հրատարակիչներ, որպես կանոն, մասնակցում էին ամենամյա ցուցահանդես-տոնավաճառին:
«Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառն աշխարհում իր ոլորտում ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն է: Սակայն այս տարի այդ իրադարձությունը գրահրատարակչության նպատակների հետ աղաղակող հակասության մեջ է։ Տոնավաճառը հնարավորություն է տալիս մարդուն, ով անցյալում միայն առաջացրել է իսլամական աշխարհի ատելությունն իր «Սատանայական բանաստեղծություններ»-ի համար, ներկայացնել իր վերջին աշխատանքները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն վիճարկում են իսլամական համոզմունքները և հայացքները»,- նշված է Իրանի մշակույթի նախարարության հայտարարության մեջ:
«Սատանայական բանաստեղծություններ» գիրքը Իրանում արգելված է 1988 թվականից, քանի որ շատ մուսուլմաններ այս ստեղծագործությունը համարում են սրբապղծություն: Մեկ տարի անց Իրանի ղեկավար այաթոլլահ Խոմեյնին Սալման Ռուշդիին հայտարարել է բոլոր մուսուլմանների թշնամի և մահվան դատավճիռ կայացրել նրա նկատմամբ։ Իրանը նաև 3,3 միլիոն դոլար է մրցանակ է սահմանել նրան, ով կսպանի Ռուշդիին:
Ավելի ուշ հեղինակը հրապարակային ներողություն է խնդրել իսլամական երկրներից «թույլ տված աննրբազգացության» համար և նույնիսկ վերադարձել է իսլամական հավատին, բայց նրա զղջումը չի ընդունվել և նրա դեմ կայացրած դատավճիռը մնացել է ուժի մեջ: