Թուրք մասնագետների խումբը տեսչական այց կկատարի Հայաստան
«Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի» (ԵՍԶՈւ) շրջանակում թուրքական կողմի ղեկավարությամբ 2015թ. հոկտեմբերի 11-14-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում իրականացվելու է տեսչական այց և համապատասխան ստուգում:
«Էրմենիհաբեր»-ը վկայակոչելով Թուրքական «cihan» լրատվական գործակալությանը, գրում է, որ թուրքական դիտորդական խմբի կողմից իրականացվող ստուգայցին մասնակցելու է նաև Սլովակիայից ժամանած մասնագետ:
Աղբյուրը նշում է, որ վերոհիշյալ պայմանագիրը սպառազինությունների վերահսկման իրավաբանորեն պարտադիր միջազգային փաստաթուղթ է, որի նպատակը եվրոպական տարածաշրջանում սովորական սպառազինությունների հետ կապված մարտահրավերները ու մտահոգություն առաջացնող խնդիրները նվազագույնի հասցնել: Այդ փաստաթուղթը պահանջում է ռազմական տեղեկատվության ընթացիկ և տարեկան փոխանակում, ինչպես նաև ներառում է հավաստագրման, սպառազինությունների կրճատման և տեսչական ստուգումների իրականացման մասին դրույթներ:
Հայաստանն իր հերթին տեսչական այցեր է իրականացնում ԵՍԶՈՒ պայմանագրի անդամ պետություններում, այդ թվում` Թուրքիայում: Ընդհանուր առմամբ, 1993 թվականից սկսած Հայաստանը տեսչական այցեր է իրականացրել Հունաստանում, Թուրքիայում եւ այլ երկրներում, ինչպես նաև մասնակցել է Բուլղարիայում, Ուկրաինայում, Մեծ Բրիտանիայում, Մոլդովայում և այլ երկրներում իրականացված բազմազգ տեսչական ստուգումներին: