Հայաստանում ծխում է տղամարդկանց 50%-ը, կանանց՝ 3-4%-ը. Ալեքսանդր Բազարչյան
Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց շրջանում կազմում է 50%, կանանց շրջանում՝ 3-4%: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը՝ հավելելով, որ կանանց մոտ առկա է ծխելու տարածվածության ցուցանիշների զգալի տարբերություն Երևանի և գյուղական համայնքներում բնակվող կանաց շրջանում: Համաձայն վիճակագրական տվյալների` Երևանի կանանց շրջանում տարիքային խմբեր կան, որոնց մինչև 7-8%-ը ծխող է:
Նշենք, որ հոկտեմբերի 12-ը Հայաստանում նշվում է որպես ծխախոտի դեմ պայքարի ազգային օր: ՀՀ 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, որը նպատակ ունի ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից: Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ և առողջապահության նախարարության ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ հոկտեմբերի 12-ը նշվում է որպես «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:
Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ 1999 թ-ից սկսած Հայաստանում իրականացվում են մի շարք հետազոտություններ, որոնք միտված են հետևելու ծխախոտի տարածվածության մակարդակին: Վիճակագրական տվյալների համաձայն՝ վերջին տասը տարվա ընթացքում տղամարդկանց շրջանում առկա է ծխախոտի օգտագործման նվազման միտում. եթե 1999թ-ին ծխախոտ օգտագործում էին տղամարդկանց` 64%-ը, ապա այսօր 50%-ը: «Այդուհանդերձ, սա բարձր ցուցանիշ է և իհարկե մտահոգող»,- ասաց նա:
Դեռահասների շրջանում մեր վիճակագրությունը, ըստ Ա.Բազարչյանի, ավելի հուսադրող է, քան այլ, այս թվում՝ հարևան երկրներում: «Սակայն դա չի կարող մեզ հանգստացնել: Հայաստանում հիմնականում ռիսկային են 15 տարեկանները: Դեռահաս տղաների 6 տոկոսն է ծխախոտ օգտագործում, իսկ աղջիկների՝ մոտ 1 տոկոսը։ Մեր երեխաները բավականին երկար են մնում ծնողի հսկողության տակ: 18-ից հետո ինստիտուտ ընդունվելիս կամ բանակ ծառայության գնալիս նրանք դուրս են գալիս ծնողի հսկողության տակից և սկսում ծխախոտ օգտագործել: Դա է պատճառը, որ Հայաստանում ծխախոտի օգտագործման պիկը սկսվում է 18 տարեկանից հետո»,- նշեց Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:
Նրա խոսքերով՝ Առողջապահության նախարարությունը միջազգային պայմանագրերով, իրազեկման, գովազդի արգելման, հասարակական վայրերում ծխախոտի սահմանափակման, հարկային քաղաքականության միջոցով փորձում է պայքարել ծխելու դեմ։ «Մենք ունենք որոշակի առաջխաղացում, բայց կան խնդիրներ, որոնք դեռ պետք է լուծվեն»,- ասաց նա:
Անդրադառնալով ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդացության և մահացության ցուցանիշներին, Ա.Բազարչյանն ասաց, ծխախոտը հանդիսանում է կարևորագույն ռիսկի գործոն ոչ վարակիչ հիվանդությունների համար, և այսօր սրտանոթային, շնչառական համակարգի ու քաղցկեղային հիվանդությունների, մասնավորապես՝ թոքի քաղցկեղի 80-85 %-ը պայմանավորված է ծխախոտի երկարատև՝ 15-25 տարի և ավելի օգտագործմամբ: Ըստ նրա՝ Հայաստանում տարեկան թոքի քաղցկեղի 1000 դեպքից ավելին արձանագրվում է տղամարդկանց մոտ, իսկ կանանց մոտ այդ թիվը հասնում է 150-180-ի, ինչը պայմանավորված է ծխախոտ օգտագործելով:
Ինչ վերաբերում է երկրորդական ծխին, ապա Ա. Բազարչյանը նշեց, որ երկրորդական ծուխը վտանգավոր է առաջին հերթին հենց ծխողի, ապա նրան շրջապատողների համար:
«Պասիվ ծխելն ունի նույն ռիսկը, ինչ ակտիվ ծխելը»,- ասաց նա:
Ա.Բազարչյանը հայտնեց, որ Հայաստանում պարբերաբար իրականացվում են համապետական ազգային հետազոտություններ, որոնց նպատակն է պարզել ծխախոտի օգտագործման տարածվածությունը: 2016թ-ի սկզբին արդեն իսկ պարզ կլինեն այս տարվա վիճակագրության արդյունքները: