Ամեն սփյուռքահայի սրտում մեկ հայրենիք կա, որի անունը Հայաստան է. պարգևի արժանացած սփյուռքահայ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի սիրիահայ ուսանող Անդրանիկ Մոմջյանն արժանացել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ Նախագահի կրթական պարգևին՝ «Լավագույն սփյուռքահայ մասնակից» անվանակարգում:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Անդրանիկն ասաց` չէր սպասում, որ նման մրցանակի կարժանանա:
«Անակնկալի եկա, բայց պարտավորեցնող մրցանակ է: Դա նշանակում է, որ պետք է ավելի լավ սովորեմ: Իմ կարծիքով` սա մեծ քայլ է` հետագայում իմ կարիերան կազմակերպելու համար»,- նշեց Ա.Մոմջյանը:
Անդրանիկն ընտանիքի հետ երկու տարի առաջ Սիրիայի պատերազմի հետևանքով տեղափոխվել է Հայաստան, երկու օր առաջ նրանց է միացել նաև տատիկը, սակայն հորեղբայրները դեռ ապրում են Սիրիայում: Նա նշեց, որ մանկուց երազել է Հայաստան գալ, հայրենիքի կարոտը միշտ զգացել է:
«Սիրիայի պատերազմը կարծես թե առիթ հանդիսացավ, որպեսզի ընտանիքով տեղափոխվենք Հայաստան: Կարծում եմ, որ ամեն մի սփյուռքահայի երազանքն է հայրենիքում ապրել: Ամեն մի սփյուռքահայի սրտում միայն մեկ հայրենիք գոյություն ունի, որի անունը Հայաստան է»,- ասաց Անդրանիկը:
Սակայն նա խոստովանում է, որ մինչ Հայաստան տեղափոխվելը վախ կար, թե արդյոք Հայաստանում կունենա այն հաջողությունները, ինչ Սիրիայում, որտեղ որպես լավագույն ուսանող երկու անգամ արժանացել է պետական բարձր պարգևի:
«Վախենում էի, որ նաև լեզվական խնդիրների պատճառով չեմ կարող լուրջ հաջողությունների հասնել, բայց, բարեբախտաբար, այստեղ ավելի մեծ հաջողություն ունեցա: Հայաստանում և սովորում եմ, և աշխատում, ունեմ լավ ընկերներ և ինձ զգում եմ իմ տանը»,- նշեց Անդրանիկը:
Նա նաև ասաց, որ մայրը նույնպես ապահովված է աշխատանքով, իսկ 16 տարեկան քույրը դպրոցում սովորելուն զուգահեռ երգում է Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբում:
«Մենք արդեն որոշել ենք, որ պատերազմի ավարտից հետո էլ Հայաստանից չենք հեռանալու, մեր տունը, մեր հայրենիքն այստեղ է և այստեղ էլ կշարունակենք ապրել»,- ասաց Անդրանից Մոմջյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են