«Արմթեքը» կարևոր հարթակ է նորագույն տեխնոլոգիաների տարածման, ինչպես նաև ոլորտի ձեռքբերումների ներկայացման համար. վարչապետ
«ԱրմԹեք» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովը կարևոր հարթակ է նորագույն տեխնոլոգիաների տարածման, նոր գործարար և ներդրումային հնարավորությունների հայտնաբերման, ինչպես նաև ոլորտի ձեռքբերումների ներկայացման համար: Այս մասին այսօր Երևանում մեկնարկած «Արմթեք» համաժողովում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքերով՝ վերջին տարիներին Հայաստանը արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացման բնագավառում: 2008-2014թթ. ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 15-20% աճ, ինչը, ըստ վարչապետի, պայմանավորված է նաև ՀՀ կառավարության կողմից ոլորտում տարվող արդյունավետ քաղաքականությամբ:
Հ.Աբրահամյանը նշեց, որ Հայաստանում ներկայումս գործում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են` «Մայքրոսոֆթ», «Սիսկո», «Դ-Լինկ», «Օրաքլ», «Սինոփսիս», «Մենթոր Գրաֆիքս», «Նեյշնլ Ինստրումենթս» ընկերությունները և այլն: «Մայքրոսոֆթ» և «ԱյԲիԷմ» ընկերությունների հետ համատեղ Հայաստանում հիմնվել ու հաջողությամբ գործում են նաև «Մայքրոսոֆթ» ինովացիոն և Նորարարական լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոնները: Վարչապետը հիշեցրեց, որ ոլորտի զարգացմանը նոր թափ հաղորդելու և նոր ընկերությունների ու աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով անցյալ տարի ընդունվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությանը ուղղված օրենսդրական փաթեթ, որի շրջանակում ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ: «Արդյունքում, ոլորտում ընդամենը մի քանի ամիսների ընթացքում արդեն իսկ ստեղծվել են շուրջ 50 սկսնակ ընկերություններ և 200-ից ավելի նոր աշխատատեղեր»,- ասաց վարչապետը:
Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ Հ.Աբրահամյանը նշեց, որ այսօր մեր կարևոր խնդիրներից է տեխնոլոգիական ոլորտի որակյալ կադրերի պատրաստումը և վերապատրաստումը: Ըստ նրա՝ վերջին տարիներին հիմնվել են մի շարք ուսումնական կենտրոններ և լաբորատորիաներ, այդ թվում` Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնը, Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիան, «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական դեպարտամենտը և այլն:
Ոլորտի տարածքային համաչափ զարգացումը ևս գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, ինչի վառ ապացույցն են հանդիսանում հաջողությամբ գործող Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը և Կապանի շարժական լուծումների լաբորատորիան, ինչպես նաև նոր ստեղծվող Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը: «Միևնույն ժամանակ, մեր կողմից իրականացվում են տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը ուղղված մի շարք կարևոր ծրագրեր, մասնավորապես` Նորարարության զարգացման, Գյումրու ու Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհների, Վենչուրային ֆոնդի, Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրերը»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:
Նա նշեց նաև, որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող հայկական կազմակերպությունները նախկին արտապատվիրման ուղղվածությունից աստիճանաբար վերաճում են հետազոտություններ ու մշակումներ իրականացնող և ամբողջական բարդ ինժեներական լուծումներ առաջարկող կազմակերպությունների, որոնց կողմից թողարկված մրցունակ տեխնոլոգիական արտադրանքը իրացվում է ինչպես արտաքին, այնպես էլ` ներքին շուկաներում:
«Մենք հետևողականորեն շարունակելու ենք Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը ուղղված քաղաքականությունը»,- ասաց Հ.Աբրահամյանը:
Վաչապետը նաև շնորհակալություն հայտնեց ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպություններին, այդ թվում` Համաշխարհային բանկին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը` Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում ցուցաբերած աջակցության համար: «Լիահույս եմ, որ այսօրվա համաժողովը նոր լիցք կհաղորդի Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը»,- ասաց Հ.Աբրահամյանը:
Նշենք, որ ամենամյա «ԱրմԹեք» համաժողովն առաջին անգամ կազմակերպվել է 2006 թվականին: 2011 թվականից այն համահայկական համաժողովից վերածվել է միաջազգային հարթակի, որին մասնակցում են Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմամբ և ներդրումային հնարավորություններով հետաքրքրքված միջազգային կազմակերպություններն ու մասնագետները:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան