ՄԻԵԴ-ը 10.000 եվրո է գնահատում Ադրբեջանում ակտիվ ընտրական իրավունքի խախտումը
Հոկտեմբերի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Գահրամանլին և այլք ընդդեմ Ադրբեջանի» գործով դատավճիռը, որտեղ միաձայն եկել է եզրակացության, որ 2010թ խորհրդարանական ընտրությունները ընթացել են ազատ ընտրությունների իրավունքի (ՄԻԵԿ արձանագրություն 1, հոդված 3) համակարգված խախտումներով, իսկ Ադրբեջանի ընտրական համակարգը չունի անհրաժեշտ անկախություն:
ՄԻԵԴ-ը գտել է, որ այդ թվում միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցների վրա հիմնված դիմումատուների բողոքները ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպման հարցում իշխանությունների թերացումների վերաբերյալ հիմնավոր են, իսկ ազգային դատարանները չեն կարողացել պատշաճ կերպով ներպետական օրենսդրության սահմաններում պաշտպանել ընդդիմադիր թեկնածուների իրավունքները:
Դատարանը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին «ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ենթատեքստում լուրջ վերաբերմունք դրսեւորել միջազգային կազմակերպությունների գնահատականների եւ առաջարկությունների նկատմամբ, որոնք նախկինում դիտարկել են մի շարք ժողովրդավարական չափանիշերի ոտնահարումներ»:
ՄԻԵԴ-ը «Գահրամանլին եւ այլք ընդդեմ Ադրբեջանի» գործով սահմանել է, որ Ադրբեջանի կառավարությունը պարտավոր է գանգատը ներկայացրած ընդդիմադիր երեք թեկնածուներից յուրաքանչյուրին վճարել 10.000 եվրո գումար: Դիմումատուները իրենց բողոքում կառավարությունից պահանջել էին 30.000 եվրո՝ նախընտրական քարոզչարշավի ծախսերի, եւ 100.000 եվրո ոչ նյութական վնասների հատուցում:
Հաջորդ խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում տեղի են ունենալու ս.թ. նոյեմբերի 1-ին: