Այս տարվա մրցանակաբաշխությանը կրկին փայլել են դպրոցականները. Հովիկ Մուսայելյան
ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի կրթական պարգևների մրցանակաբաշխության հիմնական առաքելությունն է բացահայտել և խրախուսել երկրի տեխնիկական ուղղվածությամբ համալսարանների և դպրոցների լավագույն ուսանողներին ու աշակերտներին՝ ուղղորդելով նրանց ինչպես տեխնոլոգիական ձեռներեցության, այնպես էլ տեղեկատվական գիտակրթական ոլորտներ: Այս մասին ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը` ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին և աշակերտներին ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողությանը:
Նրա խոսքերով՝ 2005 թվականից մինչ այսօր 249 ուսանող և 121 աշակերտ է հաղթել մրցանակաբաշխությունում: Այս տարվա մրցանակաբաշխությանը մասնակցել է 135 ուսանող 6 առաջատար համալսարաններից, ինչպես նաև 80 աշակերտ հանրապետության ֆիզիկա-մաթեմատիկական ուղղվածություն ունեցող 8 դպրոցներից:
Հ.Մուսայելյանը նշեց, որ հանձնաժողովի անդամներն ունեն հնարավորություն շփվել դպրոցների և համալսարանների ֆիզմաթ ֆակուլտետների ուսանողների և աշակերտների հետ, և բացահայտել այն միտումները, որոնք առկա են ՏՏ ուղղվածություն ունեցող համալսարաններում ու դպրոցներում:
«Մրցանակաբաշխության արդյունքների հիման վրա կատարած մեր հետազոտությունները հիմնականում մեզ ուրախացնում և ոգևորում են»,- ասաց Հ.Մուսայելյանը:
Նա նշեց, որ այս տարվա մրցանակաբաշխությունը աչքի է ընկել նրանով, որ կրկին փայլել են դպրոցականները: Ըստ նրա՝ թեև բազմիցս ասվել է, որ մեր աշակերտները բազմիցս տարբեր միջազգային օլիմպիադաներում մեդալներ են բերել, սակայն նրանցից ոմանք, մասնագիտություն ընտրելիս, գնում են ոչ բնագիտական հոսքերով, և այս հանգամանքը բոլորին մտահոգում է: Եւ այսօր, ըստ Հ.Մուսայելյանի, Վիվա- Սելլ ՄՏՍ, Սինոփսիս և Յունիքոմփ ընկերությունները ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ հանդես են եկել մի աննախադեպ ծրագրով, որի համաձայն՝ այս տարվա սեպտեմբերից 1-ից 5 ավագ դպրոցներում միկրոէլեկտրոնիկան, ՏՏ-ը և հաղորդակցությունը դարձել են պարտադիր առարկաներ:
«Միջազգային շատ փորձագետներ նշում են, որ շատ երկրներում են եղել քննարկումներ նմանատիպ ծրագրի շուրջ, սակայն առաջին քայլը կատարվեց Հայաստանում: Հաջորդ տարի ևս 10 դպրոցներ կմիանան այս ծրագրին: Նախատեսվում է, որ մինչև 2020թ-ը հանրապետության մոտ 70 ավագ դպրոցում կդասավանդեն այս առարկաները: Արդյունքում՝ ԲՈՒՀ-երի ՏՀՏ ֆակուլտետները կհամալրվեն որակյալ և համապատասխան գիտելիքներ ունեցող բազմաթիվ պատանիներով»,- նշեց Հ.Մուսայելյանը՝ հավելելով, որ եթե հիմա ասում են՝ ոլորտում շուրջ 2500 որակյալ կադրերի պակաս կա, ապա առաջիկայում նման խնդիր չի լինի և պայմաններ կստեղծվեն նոր վերազգային կորպորացիաների մուտքը Հայաստան ապահովելու համար:
Հ.Մուսայելյանը նաև ասաց, որ այս տարի մեր դպրոցակնները միջազգային օլիմպիադաներից բերել են 20 մեդալներ, ինչը ավելի շատ է, քան Թուրքիան և ավելի շատ, քան Վրաստանն ու Ադրբեջանը միասին վերցրած:
«Սա հպարտանալու փաստ է, բայց եթե այս ցուցանիշով առաջատար ենք տարածաշրջանի երկրների մեջ մաթեմատիկա, ֆիզիկա, աստղագիտություն և կենսաբանություն առարկաներից, ապա ինֆորմատիկա առարկայից ստացած 3 բրոնզե մեդալներով առաջատար չենք: Ուստի կարծում ենք, որ վերոնշալ դպրոցներում իրականացվող ծրագրի շնորհիվ շատ արագ կհայտնվեք առաջատարի դիրքերում նաև այս առարկայից»,- ընդգծեց Հովիկ Մուսայելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են