Իմ ապագան Հայաստանում է. հայտնի են ՏՏ ոլորտի լավագույն աշակերտներն ու ուսանողները
«Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հանդիսանում է տնտեսության շարժիչ ուժերից մեկը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լավագույն ասպիրանտ» անվանակարգում մրցանակի արժանացած Դավիթ Բաբայանը, ով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի երկրորդ կուրսի ասպիրանտ է, միաժամանակ աշխատում է «Սինոփսիս» ընկերությունում:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Նախագահի 2015 թվականի կրթական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Դ.Բաբայանը նշեց, որ այս մրցանակը լրացուցիչ խթան է բոլորի, այդ թվում՝ նրանց համար, ովքեր դեռ չեն ստացել և կարող են հասնել այդ մրցանակին:
«Լավագույն սփյուռքահայ ուսանող» անվանակարգում մրցանակի է արժանացել սիրիահայ Կասյա Աթաշյանը. նա Ամերիկյան համալսարանի Համակարգչային բաժնի ուսանող է: Պարգևին արժանացել է ուսումնական գործընթացում ունեցած հաջողությունների, գերազանց գնահատականների, ինչպես նաև տարբեր մեդալների համար:
«Շատ մեդալներ եմ ստացել, բացի դրանից, Հայոց ցեղասպանության թեմայով նյութ եմ պատրաստել, որտեղ տարբեր փաստաթղթերով, նկարներով, տեսանյութերով ներկայացրել եմ ոճրագործության մասնամասները»,-ասաց Կ.Աթաշյանը:
Նաև հավելեց. «Ուրախ եմ, որ Հայաստանում եմ և այստեղ եմ նման մրցանակ ստանում: Ես իմ ապագան կապում եմ միմիայն Հայաստանի հետ»:
«Լավագույն աշակերտ» անվանակարգում մրցանակի է արժանացել «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Արման Ղազարյանը: Նրա խոսքերով՝ այս մրցանակը պարտավորեցնող է, սա նաև նշանակում է, որ օր-օրի պետք է ավելի ու ավելի շատ աշխատի ու ապացուցի, որ իսկապես արժանի էր այս մրցանակին:
Ա.Ղազարյանը նշեց, որ մտադրություն ունի ուսումը շարունակել ԱՄՆ-ում:
«Ամերիկյան համալսարան նույնպես դիմելու եմ, բայց իմ գլխավոր նպատակը Միացյալ նահանգներում կրթություն ստանալն է, որից հետո կվերադառնամ Հայաստան և իմ գիտելիքները կծառայեցնեմ իմ հայրենիքին, իմ պետությանը: Կարծում եմ, որ բոլորիս նպատակը մեր երկիրը զարգացնելն է, ցանկացած հայ իր կարողությունների չափով պետք է աջակցի մեր երկրին»,- ասաց Արման Ղազարյանը:
ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Մուշեղ Շահինյանը նույնպես ստացել է ՀՀ Նախագահի մրցանակը` որպես լավագույն աշակերտ: Նա նույնպես ցանկանում է ուսումը շարունակել արտերկրում: «Ցանկություն ունեմ ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավավառում գիտելիքներս խորացնեմ ու դրանք հետագայում օգտագործեմ իմ երկրի գիտության զարգացման համար»,- ասաց Մուշեղ Շահինյանը:
Նշենք, որ ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի կրթական պարգևին են արժանացել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ), Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՍՀ) և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի (ԵՏԱ) համապատասխան ֆակուլտետների ուսանողները, ինչպես նաև ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցի, ՀԱՊՀ -ի Երևանի ավագ դպրոցի, «Քվանտ» վարժարանի, Երևանի «Անանիա Շիրակացի» ճեմարանի, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի, Վանաձորի «Էվրիկա» վարժարանի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Այբ ավագ դպրոցի աշակերտները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են