Արվեստը պետք է մարդուն շենացնի. արվեստագետ
«Հայ ազգային ժամանակակից արվեստ»: Այսպես է նկարիչ Մուշեղ Մխիթարյանը ներկայացնում իր արվեստը, որն իր ոճով, ուղղվածությամբ ամբողջովին տարբեր է, չկրկնվող և որևէ մեկին չնմանվող: Եվրոպայում Մ. Մխիթարյանի արվեստի մասին խոսելիս՝ օգտագործել են «օբյեկտներ» բառը կամ բնութագրել են որպես տարածական գեղանկարչություն:
Panorama.am-ի զրուցակիցն է նկարիչ Մուշեղ Մխիթարյանը:
-Ինչպե՞ս եք ընտրում ձեր աշխատանքների նյութերը՝ փայտ, մետաղ, …:
-Նյութն ինքնին ծառա է, ծառայում է քո ասելիքին, զգացմունքներին: Երբ որ համահունչ է դառնում քո ասելիքի հետ, մտնում է գործի մեջ: Հոգեվիճակն ու ասելիքը ինձ ստիպում են կոնկրետ նյութեր օգտագործել:
-Պարոն Մխիթարյան, Ձեր աստեղծագործություններն ավելի շատ արվեստի ո՞ր ուղղությանն են հարում:
-Դա նկարչի գործը չէ, ով ինչ անուն ուզում, դնում է: Ինձ համար կարևորը վերջնական վիճակն է, թե ինչ է իր հետ տանում դիտողը: Ըստ իս, արվեստը պետք է մարդուն շենացնի: Եթե արվեստը մարդուն պետք է ստորացնի, գցի, նեղի, փոքրացնի, անիմաստ է դառնում: Արվեստի նպատակը դա չէ:
-Այսօր ժամանակակից հայ արվեստը մարդուն շենացնո՞ւմ է:
-Տարբեր են: Արվեստն ինչ է՝ մարդու տեսակի արտացոլում: Ոնց որ մարդն է, այդպես էլ իր խոսքն է, իր ստեղծած աշխատանքն է: Եթե մարդն իր մեջ բացասական բաներ է կրում, խոսելու է բացասական բաների մասին: «Բերանը սրտի թարգմանն է»: Քո սրտի եկածը թարգմանում ես, պատկերում ես, ասում ես այն, ինչ որ ապրում ես:
Հրաշալի նկարիչներ ունենք, ֆանտաստիկ: Բայց այսօր մեր ժողովուրդն անկեղծ խոսքի, անկեղծ արվեստի կարոտ է, մեր արմատների կարոտն է: Պետք է մեր ազգային արվեստը պրոպագանդվի պետական մակարդակով: Արվում է, բայց շատ քիչ է: Ավելի շատ անհատներն են այդ բեռը կրում իրենց ուսերին: Պետք է մանկապարտեզից սկսած լինի այդ պրոպագանդան, որ ճաշակը կրթվի, գավառական մտածելակերպը, ճաշակը, ռաբիսը, կեղծ ամեն ինչը վերանա: Չէ որ այդ ամենի ազդեցությամբ ձևավորվում է մարդու հոգեբանությունը: Այդ երաժշտությունը լսող մարդը չի կարող հայեցի մտածել, ասելու է մեկ այլ բան, անելու է մեկ այլ բան: Լսեք մեր շարականները. մաքրություն, պարզություն, արդարություն, լույս կա այդ ամեն ինչում, ճակատը բաց մարդու երգ է: Հայկական երաժշտության մեջ խաղիկներ կան, որոնք հրաշալի են: Երբ ներկայացնում ենք մեր ազգային արվեստը դրսում, հանդիսատեսի բերանը բաց է մնում: Բայց այդ ամեն ինչը պետք է շարունակակական լինի: Ժամանակակից հայը պետք է անպայման օգտվի իր նախնիների թողած ժառանգությունից, արմատներից:
Ամեն մեկս պետք է սկսեք մեզանից: Չինական ասույթ կա. «Ամեն մարդ ինքն իրեն համարի աշխարհի փրկիչը»: Պատկերացնում եք՝ ինչ ծանրություն է դրվում մարդու ուսերին: Երբ մենք սկսենք մեզանից, դառնանք մեր ազգային մշակույթի կրողը, կամաց-կամաց կվարակենք այդ ամենով նաև մեր շրջապատի մարդկանց: Ամեն մեկն իր դաշտում եթե ազնիվ լինի, կծաղկի մեր երկիրը:
Լիքը գործ ունենք անելու: Պապիս սիրած խոսքն էր. «Էս աշխարհում երկու լավ բան կա՝ մեկ հացի հոտ, մեկ էրեխի հոտ»: Սա է մեր ժողովրդի արժեքային համակարգը: Հացի հոտի մեջ հայրենիքն է, հողն է, նույն հոգևոր հացն է, երեխու հոտը օջախն է, ընտանիքին է, մայրն է, ծնողն է, շարունակությունն է, պետությունն է: Ամեն ինչ մեջն է:
Կարո՞ղ ենք այդքան իմաստություն ունենալ և հենվել այդ ավանդույթի վրա՝ ուրեմն կապրենք, ուրեմն լավ կապրենք: Ուղղակի պետք է ուզենալ:
Նախորդող հրապարակում՝
Նկարիչ Մուշեղ Մխիթարյանը «Դար ապրած լռություն»-ը խախտել է (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա