Հայտարարվեց «Նոր Հայաստան» շարժման ձևավորման մասին. Րաֆֆի Հովհաննիսյանը չկար
Սահամանդրական բարեփոխումների գործընթացի դեմ պայքարում ձևավորվել է այլընտրանքային` «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ, որն ունի քաղաքական խորհուրդ և միասնական շտաբ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նոր շարժման քաղաքական խորհրդի անդամ, «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Շարժման քաղաքական խորհրդի կազմում են` Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Անդրիաս Ղուկասյանը, Պետրոս Մակեյանը, Գարեգին Չուքասզյանը և Արմեն Մարտիրոսյանը:
Շարժման ստեղծման մասին հայտարարության ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա չէր, և Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Հովհաննիսյանը ընտանեկան հարցերով շտապ մեկնել է Հայաստանից ու ներկայացրեց Հովհաննիսյանի ուղերձը.
«Համոզված եմ, որ միայն միավորված ուժերով ու անշահախնդիր հետևողական պայքարով կարելի է ըստ էության մերժել ՀՀ-ում գուբերնյա` կուսակցապետություն ստեղծելու սույն ապօրինի ինքնահավան ու բաժնետիրական բնույթի ձեռնարկը: Դեկտեմբերի 6-ը պետք է դառնա նոր Հայաստանի կերտման վճռորոշ հանգրվան»:
Ներկայացնելով «Նոր Հայաստան» շարժման հայտարարությունը, Մարտիրոսյանն ասաց. «Շարժումը նախատեսում է մոբիլիզացնել ժողովրդին, քաղաքացիական անհնազանդության գործողություններով հեռացնել Սերժ Սարգսյանին ու նրա գլխավորած վարչախումբը, կասեցնել նոր սահամանդրության ընդունման գործընթացը և ձևավորել ժողովրդի վստահության անցումային կառավարություն: Ճակատը հայտարարում է, որ ձևավորել է որոշումների կայացման մարմին` քաղաքական խորհուրդ և այդ որոշումների իրականացման մարմին` ընդդիմության միասնական շտաբ: Ճակատի սահմանած նպատակների իրականացման ակտիվ գործողությունների փուլը կմեկնարկի անցկացվելիք համապետական հանրահավաքով»:
Արմեն Մարտիրոսյանը անկեղծացավ և ասաց, որ «Նոր Հայաստան» շարժման խնդիրը միայն Սահամանդրական բարեփոխումների գործընթացը չէ. «Եթե իշխանությունը այս պահին դադարեցնի նման փոփոխությունների գործընթացը, միևնույնն է Հայաստանում առկա են խորը խնդիրներ, որոնք ազդում են անվտանգության վրա ու մենք պետք է լուծենք այդ խնդիրները` ունենք ահագնացող արտագաղթ, համակարգային կոռուպցիա, որը պետք է լուծվի»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները