Սերժ Սարգսյան. Տեխնոլոգիական ձեռներեցությունը կարող է և պետք է դառնա մեր տնտեսության կարևոր մաս
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ Նախագահի 2015թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, այս տարի ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 28 ուսանող և 16 աշակերտ 5 բուհից և 8 ավագ դպրոցից: Մինչ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տարբեր անվանակարգերում ՀՀ Նախագահի կրթական պարգևին արժանացել են 366 ուսանող և աշակերտ:
Պարգևատրման արարողության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած և Նախագահի 2015թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին, մաղթել հաջողություններ:
Մրցանակաբաշխությանը ներկա է եղել նաև «Մայքրոսոֆթ» ընկերության փոխնախագահ, մեր հայրենակից Վահե Թորոսյանը, ով ևս շնորհավորել և հաջողություններ է մաղթել մրցանակակիրներին:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի կրթական պարգևների հանձնման արարողության ժամանակ
Հարգելի՛ պարոն Թորոսյան,
Սիրելի՛ գործընկերներ,
Նախ և առաջ, իհարկե, շնորհավորում եմ այստեղ ներկա ուսանողներին և աշակերտներին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակներին արժանանալու կապակցությամբ: Անշուշտ, շնորհավորում եմ մեզ բոլորիս, որովհետև այս մրցանակները բոլորինս են. ձեր հաջողությունը, սիրելի՛ երիտասարդներ, մեր բոլորի հաջողությունն է: Ուրախ եմ, որ այսօր մրցանակների հետ միասին դուք հնարավորություն ունեք մեկ այլ պարգև էլ ստանալու: Դա մեր հայրենակից պարոն Վահե Թորոսյանի՝ այս ոլորտում շատ մեծ հաջողությունների հասած անհատի հետ անկաշկ անդ շփվելու հնարավորությունն է: Ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում լիարժեք օգտվել նաև այս հնարավորությունից:
Իհարկե, շնորհակալություն եմ հայտնում մրցանակաբաշխության հանձնաժողովին՝ պատասխանատու և ծավալուն աշխատանք կատարելու համար: Հավատում եմ, որ պարգևատրվում են ամենաարժանավորները: Տասնմեկ տարի առաջ հիմնված այս պարգևներն արդեն դարձել են մեր հասարակության մեջ նշված ոլորտի զարգացմանն ուղղված կարևոր քայլ: Տարեցտարի մենք տեսնում ենք այս ոլորտում որդեգրած մեր քաղաքականության դրական արդյունքները: Տեսնում ենք մեր ընտրության ճշմարտացիության և հեռանկարի ապացույցները:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող բոլոր մասնագիտությունները, ինչպես նաև, որակյալ մասնագետները մեր երկրում, իրոք, պահանջված են: Կարծում եմ՝ այս պահանջարկը բավարարելու ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակել ավելի մեծ թափով: Այսօր Վահեի հետ խոսելիս, մենք նշեցինք, որ այս ոլորտում կադրերի շատ մեծ պահանջարկ կա, և ոլորտի զարգացման կարևորագույն պայմանը այդպիսի կադրերի ուսուցումն է: Մենք, իհարկե, նոր թափ ենք հաղորդելու այս գործընթացին: Կարծում եմ՝ այս պահանջարկը բավարարելու ուղղությամբ մենք ունենք հնարավորություններ, որոնք բխում են նախ՝ մեր կրթական համակարգում բարեփոխումներ իրականացնելու ոչ միայն մեր ցանկությունից, այլ նաև արդեն գործողություններից, և բնական է նաև դպրոցից դուրս այն հնարավորություններից, որ մեզ տալիս է «Թումո» տեխնոլոգիական կենտրոն ասեմ, թե՞ ասեմ՝ գերազանցության կենտրոն, համենայնդեպս, կենտրոն, որտեղ ստանում են գիտելիք, հաճույքով զբաղվում են իրենց սիրած մասնագիտությամբ: Տեխնոլոգիական ձեռներեցությունը կարող է և պետք է դառնա մեր տնտեսության կարևոր մաս, մեր տնտեսական զարգացման կարևոր խթան:
Մենք, որպես հասարակություն, պետք է գիտակցենք, որ այս ոլորտում մասնագետների մեծ քանակն ինքնանպատակ չէ: Սա միայն տնտեսական խնդիր չէ. նրանք մեզանում արդեն ձևավորում են հասարակության որոշակի շերտ: Սա մտավորականության՝ 21-րդ դարին բնորոշ նոր խավ է: Ցանկացած երկրի համար այն ոչ միայն տնտեսական, այլ քաղաքական ու քաղաքակրթական կարևոր ցուցանիշ է: Կրթված ու բարեկեցիկ միջին խավի ներկայացուցիչներն անխուսափելիորեն նոր՝ ավելի բարձր որակ են հաղորդում հասարակական հարաբերություններին: Նրանք առաջ են քաշում կրթության և առողջապահության նկատմամբ ավելի բարձր պահանջներ՝ միաժամանակ ներկայացնելով ծրագրեր և առաջարկություններ: Նրանք առաջ են քաշում նաև քաղաքական ու տնտեսական ազատությունների ավելի բարձր մակարդակ ապահովելու պահանջներ: Եվ դա օրինաչափ է: Սա առաջընթացի ճանապարհ է, և մեր դեպքում, հենց սա՛ է միայն առաջընթացի ճանապարհը:
Շնորհակալ եմ և մեկ անգամ ևս, սիրելի՛ երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ այս հաջողության կապակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան