«Մաղթում եմ՝ դառնաք ապագա Բիլ Գեյթս...» «Մայքրոսոֆթ» ընկերության փոխնախագահ
Չկա ավելի լավ հիմք ապագայի համար, քան գիտելիքն է՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների բնագավառում: Այս մասին ասաց «Մայքրոսոֆթ» ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանը՝ ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին և աշակերտներին ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողությանը:
«Ես ծնվել եմ Փարիզում, ստացել եմ հայկական դաստիարակություն և այսօր վերադառնում եմ իմ հայկական արմատներին: Քիչ առաջ ՀՀ նախագահին պատմեցի, որ իմ սիրտը մշտապես եղել է հայկական, և ես շատ արագ դա հասկացա առաջին հերթին ծնողներիս շնորհիվ: Աշխատասեր լինելը, սրտանց աշխատանքին նվիրվելը և լավ արդյունքներով վերադառնալը հարազատ երկրին օգտակար լինելու լավագույն ձևն է»,-նշեց Վ.Թորոսյանը:
Դիմելով ՏՏ ոլորտում տարբեր անվանակարգերում մրցանակ ստացած աշակերտներին ու ուսանողներին, նա ասաց, որ երբ 2006թ-ին որոշեց Հայաստանում բացել Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակը, առաջին հերթին մտածել է երիտասարդ սերունդի ներկայացուցիչների մասին, քանի որ չկա ավելի լավ հիմք ապագայի համար, քան գիտելիքն է՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների բնագավառում:
«Ամեն առավոտ աշխարհի որևէ կետում ինչ-որ մեկը մի նոր բան է ստեղծում, որը կարող է մի վայրկյանում փոխել ամեն ինչ՝ համեմատած նրա հետ, թե ինչ եք դուք սովորել: Ուստի անհրաժեշտ է նշաձողը կրկին ու կրկին բարձրացնել, իսկ դրա լավագույն ձևը սովորելն է: Այդ ձևով է հնարավոր լինել միշտ առաջինը»,- ասաց Վահե Թորոսյանը:
Այնուհետև «Մայքրոսոֆթ» ընկերության փոխնախագահն ասաց. «Ձեզ մաղթում եմ՝ դառնաք ապագա Բիլ Գեյթս, կամ ինչ էլ լինի ձեր երազանքը՝ այդպիսին դառնաք: Այսօրվա գերփոխկապակցված աշխարհում կարող ես լինել փոքր ընկերություն, փոքր երկիր, բայց միևնույն է մեծ երազանքներ ունենաս: Իմ բարեմաղթանքն այն է, որպեսզի դուք օգնեք Հայաստանին, որ այն լինի լավագույնը աշխարհում և արձանագրի լավագույն ձեռքբերումներ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են