«Մեզ ընդունեցին և ճանապարհեցին երկար ծափահարություններով». Պարոնյան թատրոնի հյուրախաղերը՝ ԱՄՆ-ում
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում՝ ներկայացնելով Ա. Շիրվանզադեի «Մորգանի խնամին» բեմադրությունը (բեմադրիչ՝ Երվանդ Ղազանչյան): Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանը:
«Նվեր էր մեր սփյուռքահայ հանդիսատեսին, ևս մեկ հնարավորություն ընձեռվեց նրանց շփվելու հայ արվեստի, դերասանների հետ»,- նշեց նա:
Ա. Ղազարյանի խոսքով, այս հյուրախաղերը կարևոր էին ոչ միայն սփյուռքահայ հանդիսատեսի, այլ նաև թատրոնի համար՝ հանդես գալ միջազգային բեմում:
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանն էլ ասաց, որ եթե որևէ թատրոն հանդես է գալիս հյուրախաղերով, նշանակում է, այդ թատրոնի ներկայացումը նորովի է երևում:
Նրա խոսքով, թեև ներկայացումը կոմեդիա էր, կար երաժշտություն, պար, բայց վերջում իր թեմայով ցնցեց հանդիսատեսին:
«Ներկայացումն ունեցավ մեծ հաջողություն»,- ընդգծեց Ե. Ղազանչյանը:
Ե. Ղազանչյանը կարևորեց այն, որ երկրորդ ներկայացմանը ներկա էին միայն հայկական դպրոցների աշակերտները՝ ուսուցիչների և ծնողների հետ:
Դերասանուհի Անի Քոչարյանն ասաց, որ հանդիսատեսն իրենց ընդունել և ճանապարհել է երկար ծափահարություններով:
Դերասան Հովակ Գալոյանի խոսքով, իրենք աշխատել են մեկ ընտանիքի պես և ստացել են արդյունք:
Ներկայացման ավարտին Կալիֆորնիայի կոնգրեսական Ադամ Շիֆը, հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, Լոս Անջելեսի 5-րդ օկրուգի կառավարիչ Միխայիլ Անտոնովիչը, Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը դիպլոմներ և պարգևներ են հանձնել ներկայացման մասնակիցներին:
Թատրոնը նաև հաջորդ տարվա համար ունի հրավերներ, մասնավորապես ԱՄՆ կամ Կանադա: Ներկայացվելու են հայ հեղինակի գործեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա