ՀՀ կառավարությունը մշակում է դպրոցաշինության նոր ծրագիր. Արմեն Երիցյան
Հայաստանի կառավարությունը միջազգային կազմակերպությունների հետ համատեղ մշակում է դպրոցաշինության նոր ծրագիր` ուղղված ՀՀ մարզերի դպրոցների բարեկարգմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան:
Նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, այսօր Ա. Երիցյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում և Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանի ուղեկցությամբ եղել է Վաղարշապատի թիվ 8 միջնակարգ դպրոցում, թիվ 2 հատուկ օժանդակ դպրոցում և Աղավնատուն համայնքի` զոհված ազատամարտիկ Ղուկաս Աբգարյանի անվան միջնակարգ դպրոցում:
Շրջելով Վաղարշապատի թիվ 8 դպրոցում` նախարար Երիցյանը ծանոթացել է դպրոցի վերանորոգման աշխատանքներին: Վերջինս վերանորոգվել է ՀՀ Կառավարության հրատապ ծրագրի շրջանակներում, մասնավորապես` մոնոլիտով վերականգնվել է դպրոցի ողջ առաստաղը և ամրացվել է տանիքը: Դպրոցում սովորում է 315 աշակերտ: Նախարարն այցելեց նաև դպրոցին կից նախակրթարանը, որն ունի 39 սան:
Վաղարշապատի թիվ 2 հատուկ օժանդակ դպրոցը նույնպես հիմնանորոգվում է նույն ծրագրի շրջանակներում: Դպրոցն ունի 121 սան և նախատեսված է ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող 6-15 տարեկան երեխաների համար: Ա. Երիցյանը դպրոցի տնօրեն Լ. Սայադյանի ուղեկցությամբ հետևել է հիմնանորոգման աշխատանքներին և ծանոթացել դպրոցի առկա խնդիրներին. մասնավորապես քննարկվել է դպրոցի հիմնանորոգվող մասնաշենքի ջեռուցման հարցը:
Աղավնատուն համայնքի Ղ. Աբգարյանի անվան միջնակարգ դպրոց ՏԿԱԻ նախարարի այցի առիթը դպրոցի 100-րդ տարեդարձն է եղել: Դպրոցում սովորում է 290 աշակերտ:
«Ուզում եմ նշել, որ, ուշադրության կենտրոնում պահելով սահմանամերձ գյուղերը, չպետք է մոռանանք նաև Երևանին մոտ գտնվող համայնքների խնդիրների ու զարգացման մասին»,- ասել է նախարարը:
Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Ա. Երիցյանն այցելել է Մյասնիկյանի գինու գործարան` խաղողի ընդունման գործընթացին ծանոթանալու և գործարանին խաղող մատակարարող գյուղացիների հետ զրուցելու նպատակով: Այս տարի գործարանը պատրաստվում է մթերել 7 հազար տոննա խաղող, ինչը թույլ կտա գյուղացիներից գնել պայմանագրով նախատեսված քանակությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան