Ստանդարտների ազգային ֆոնդում կա շուրջ 30 հազար ստանդարտացման փաստաթուղթ. Ենոք Ազարյան
Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտը ներկայումս ստանդարտների ազգային ֆոնդում ունի շուրջ 30 հազար ստանդարտացման փաստաթուղթ, որոնք ներառում են ինչպես ազգային ստանդարտներ, այնպես էլ միջազգային (ISO, ITU, IEC), Եվրոպական, միջպետական և այլ երկրների ազգային ստանդարտներ, տեխնիկական կանոնակարգեր: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը:
Նա նշեց, որ Ստանդարտների ազգային ինստիտուտի ներկայիս ամենահրատապ խնդիրներից է Հայաստանի տեխնիկական կանոնակարգերի պահանջներն ապահովող ստանդարտների ներդաշնակեցման աշխատանքների իրականացումը՝ հաշի առնելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն ու ընդհանուր ԵԱՏՄ մաքսային տարածքի ձևավորումը:
Ե. Ազարյանի խոսքով, հայրենական արտադրողներին աջակցելու նպատակով վերջերս Ստանդարտների ազգային ինստիտուտը համագործակցության համաձայնագիր է կնքել Ռոսստանդարտի և Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ, որով ապահովում է ԵԱՏՄ շրջանակներում քննարկվող բոլոր տեխնիկական փաստաթղթերի իրազեկումը հետաքրքրված հայրենական արտադրողներին:
Ամեն տարի հոկտեմբերի 14-ն աշխարհում նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը: Այս տարի Ստանդարտների համաշխարհային օրվա կարգախոսն է «Ստանդարտներն աշխարհի ընդհանուր լեզուն են»:
Ստանդարտների համաշխարհային օրվա նպատակն է բարձրացնել համաշխարհային տնտեսությունում ստանդարտացման կարևորության վերաբերյալ իրազեկությունը և ներկայացնել դրա դերը: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տվյալներով, համաշխարհային շուկայում շրջանառվող ապրանքների 80 տոկոսից ավելին ներկայումս արտադրվում են միջազգային ստանդարտներին համապատասխան:
Զարգացող մի շարք երկրներում՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա և այլն, իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ ստանդարտների կիրառումը տնտեսության մեջ թույլ է տալիս ապահովել ՀՆԱ-ի 1-2 տոկոս աճ:
Նախորդող հրապարակում՝
2016 թ. հունվարի 2-ից ազգային օրենսդրությունը մի շարք արտադրանքի վերաբերյալ չի կիրառվելու