ԵՄ-ն Հայաստանի հետ բանակցությունները կսկսի մինչև տարեվերջ
Եվրամիության խորհուրդը նախօրեին Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ հաստատել է Հայաստանի հետ նոր, իրավաբանորեն պարտավորեցնող և լայնածավալ շրջանակային համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների մանդատը։ Այս մասին տեղեկանում ենք ԵՄ պաշտոնական կայքից:
Այս համաձայնագիրը կփոխարինի ներկայիս ԵՄ-Հայաստան Գործընկերության և համագործակցության համաձայնագրին։
Նշվում է, որ Եվրամիությունը հավատարիմ է առավել զարգացնել և ամրապնդել Հայաստանի հետ համակողմանի համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում։
Բանակցությունների պաշտոնական մեկնարկը նախատեսվում է մինչև այս տարվա վերջը։