Եվրոպայի խորհրդի թիրախում հատկապես Ադրբեջանն էր
Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված «Արտահայտման ազատություն․ դեռևս նախապայմա՞ն ժողովրդավարության համար» երկօրյա կոնֆերանսը, որին մասնակցում են ավելի քան 300 ներկայացուցիչներ՝ մոտ 50 երկրներից։ Այս մասին հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը։
Կոնֆերանսին ներկա էին ԵԽ մարդու իրավուքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը, ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը։
Մամուլի ազատության,ազատ արտահայտման սահմանափակման, դատական իշխանության ոչ անկախ լինելու համար բանախոսների քննադատության թիրախում էր հատկապես Ադրբեջանը։
Նիլս Մույժնիեկսն իր խոսքում նշեց, որ ինքն այն պաշտոնյաներից է, ովքեր չեն վախենում անուններ տալուց, քանի որ ընտրվել են 6 տարով և այլևս չեն վերընտրվելու և կարող է պարզ ասել, որ ԵԽ անդամ երկրներից ամենախնդրահարույցը Ադրբեջանն է։
Մույժնիեկսը մատնանշեց, որ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցող բոլոր գործընկերները ներկայումս Ադրբեջանում բանտարկված են։ Մարդիկ բանտում են իրենց արտահայտած մտքերի համար և այս դեպքում, ինչպես նշեց հանձնակատարը, առաջ է գալիս ոչ միայն ազատ արտահայտման, այլ նաև դատական համակարգի անկախության խնդիրը։
Ադրբեջանում մարդու իրավունքների, ազատ արտահայտման խնդիրներին անդրադարձավ նաև Դունյա Միյատովիչը՝ նշելով, որ կան մարդիկ, ովքեր այս դահլիճում են, մինչդեռ իրենց երկրում լրագրողները բանտերում են։
Ադրբեջանում լրագրողների բանտարկություններին անդրադարձավ նաև ԵԽԽՎ պատգամավոր Գվոզդեն Ֆլեգոն, «Media Legal defence» նախաձեռնության ներկայացուցիչ Նանի Յանսենը։
Այս ամենն, իհարկե, վրդովեցրեց դահլիճում գտնվող ադրբեջանցի ներկայացուցիչներին, ովքեր ևս մեկ անգամ չզլացան կրկնել, որ Ադրբեջանում ամբողջովին ապահովված է ազատ մամուլն ու ազատ խոսքը, կան ավելի քան 40 պարբերականներ, ազատ ինտերնետ, չեն խոչընդոտվում լրագրողների աշխատանքը և հարց բարձրացրեցին, թե ինչու են բոլորը խոսում միայն Ադրբեջանի մասին։ Իսկ նրանք, ովքեր այժմ բանտերում են, ոչ թե լրագրողական աշխատանքի համար են բանտարկվել, այլ օրենքի այլ խախտումների։
Ադրբեջանցի 2 ներկայացուցիչների՝ Ադրբեջանին արդարացնելու փորձերից հետո էկրանին հայտնվեց մի ծաղրանկար, որը զավեշտալի իրավիճակ ստեղծեց։ Ծաղրանկարում ներկայացված են ԵԽ ներկայացուցիչներ, որոնցից մեկն ասում է․ «Մենք լավ չգիտենք Ադրբեջանում տիրող իրավիճակը», մյուսը պատասխանում է․«Իսկ եթե կազմակերպենք իրազեկման համերգ Ազնավուրի հետ», երրորդի պատասխանն է․«Բայց նա հայ է»։
Նախորդիվ՝
ՄԻԵԴ-ում Թուրքիայի դատավոր. Նախորդ տարի 236 մարդ հետաքննվել է Թուրքիայի նախագահին վիրավորելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան