Վահագնի թաղամասում տեղադրվել է Վահագն Հովնանյանի հիշատակին նվիրված խաչքար
Վահագնի բնակելի թաղամասի մուտքի հարակից տարածքում տեղադրվել է հայ մեծ բարերար, ազգային և հասարակական գործիչ Վահագն Հովնանյանի հիշատակին նվիրված խաչքար:
Հովնանյանների գրասենյակից հայտնում են, որ 1.75 մ բարձրությամբ և 54 սմ լայնությամբ գեղակերտ հուշարձանը վարպետ Վարազդատ Համբարձումյանի ստեղծագործությունն է: Հուշարձանի բացմանը հաջորդել է պարոն Հովնանյանի քառասունքի հոգեհանգստի եկեղեցական արարողությունը:
Մեծ բարերարը կյանքից հեռացավ ս.թ. օգոստոսի 31-ին 83 տարեկան հասակում: Սեպտեմբերի 3-ին և 4-ին տեղի ունեցավ հոգեհանգստի արարողությունը, որի ժամանակ հայ ժողովուրդն իր վերջին հրաժեշտը տվեց մեծ բարերարին և իր զորակցությունը հայտնեց նրա մտերիմներին:
Իր ողջ գործունեության ընթացքում Վահագն Հովնանյանը հավատարիմ է մնացել իր որդեգրած արժեքներին և իր պարտքն է համարել նպաստել ավելի հզոր և բարեկեցիկ անկախ Հայաստանի կառուցմանը: Զգալի է նրա ներդրումը Հայաստանի մշակույթի, զբոսաշրջության, կրթության, շինարարության ոլորտների և, առհասարակ, ապագայի կերտման գործում: Պրն. Հովնանյանի կողմից իրականացված բարեգործական ծրագրերը հայրենիքի հանդեպ ունեցած նրա անսահման սիրո և նվիրումի խոսուն քայլերն են: