Սահմանադրական փոփոխությունների քաղաքական պահանջ եղել է. Արծվիկ Մինասյան
Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը բարձրաձայնվել է քաղաքական դաշտի բոլոր մասնակիցների կողմից։ Այդ մասին այսօր Ֆրդրիխ Էբերտ հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` նշելով, որ Հայաստանում քիչ են այն քաղաքական ուժերը, ովքեր անհրաժեշտ են համարել նախագահական կամ կիսանախագահական համակարգը:
«Այսօր «ոչ»-ի ճամբարում գտնվող ուժերը, թե՛ իրենց ծրագրերում և թե՛ նախընտրական հայտարարությունում առաջադրել են անցում պառլամենտական ընտրական ձևին և համամասնական ընտրակարգին ու Սահմանադրական փոփոխություններ կատարելու խնդիր են առաջ քաշել: Այսինքն` քաղաքական պահանջ եղել է»,- հայտարարեց Մինասյանը:
Անդրադառնալով հայտարարություններին, որոնցում դժգոհություն է հայտնվում, որ Նախագահ Սերժ Սարգսյանն է նախաձեռնել Սահմանադրական փոփոխություններ, Մինասյանը հորդորեց բացել գործող Սահմանադրությունը և կարդալ:
«Իսկ ով պետք է նախաձեռներ, բացեք Սահմանադրությունը և կարդացեք` Սահմանադրական փոփոխություններ կարող է նախաձեռնել երկու սուբյեկտ` ՀՀ նախագահը և ԱԺ-ն: Ձեր կարծիքով ԱԺ-ում առանց քաղաքական մեծամասնության հնարավո՞ր էր, իհակե ոչ: Սա նշանակում է իշխանության ցանկությունը պետք է լինի, որ նախաձեռնվի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Սահմանադրության նախագծի բովանդակությանը, Մինասյանը նկատեց, որ Մասնագիտական հանձնաժողովը Նախագծում վեր է հանել այն, ինչ անհրաժեշտ է` հասարակության մեջ պնդումները ձևակերպվել են բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից և առկա բացասական դրսևորումները վերացվել են ու ստացել իրավական տեսք:
Նրա խոսքով, առաջին անգամ Սահմանադրական կարգի հիմունքներում ընտանիքը համարվում է պետության կարևորագույն հիմնասյուներից մեկը, սահմանադրական նորմ է դարձել հայրենադարձության քաղաքականության ապահովումը, բազմակուսակցական համակարգն է ամրագրվում՝ որպես ժողովրդավարության հիմնական արժեք:
«Մարդու իրավունքների բաժնում պարզ ամրագրված է իրավունքի գերակայության սկզբունքը որպես գերակշռող նորմ: Իրավունքի գերակայության նորմը գործում է անմիջականորեն, ի հեճուկս իշխանությունների ցանկության»,- քննարկման ժամանակ ներկաներին, որոնք հիմնականում երիտասարդներ էին, հայտարարեց նա:
Ի դեպ, Մինասյանի ելույթի ժամանակ «ՈՉ» պաստառներ պարզած երիտասարդներին պատգամավորն ասաց, որ հաճելի է տեսնել, որ նրանց շրջանում հարցի շուրջ հետաքրքրվածություն կա և հույս հայտնեց, որ «ՈՉ» պաստառները վեր պարզած երիտասարդները գոնե ծանոթ են առաջարկվող փոփոխություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում