Թոմաս դե Վաալ. «Վաղաժամ է Ղարաբաղում մեծամասշտաբ պատերազմի մասին խոսել»
Վաղաժամ է խոսել Ղարաբաղում 1990-ականներին սկզբների վիճակի վերադարձի և մեծամաշտաբ պատերազմի մասին: Այս մասին «Politico.eu»-ում հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության վերջին դեպքերի մասին իր անդրադարձում գրում է Քարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը:
Անդրադառնալով սահմանում տիրող իրավիճակին` փորձագետը նկատում է, որ խնդիրը միայն «Ռուսաստանի ձեռքը չէ», չնայած, որ Ռուսաստանի վարքագիծը կողմերին չի օգնում: Ըստ նրա` վտանգավոր է այն հանգամանքը, որ Կովկասում ոչ ոք ամբողջովին պատասխանատվություն չի կրում, իսկ Ղարաբաղն էլ կարող է դառնալ Ուկրաինայից մինչև Սիրիա ձգվող ռուսական անկարգությունների շղթայի օղակներից մեկը:
«1994 թվականին պատերազմի ավարտվելուց հետո հակամարտությունը երբեք սառեցված չի եղել: Այդ ամբողջ ընթացքում չնայած այն խոչընդոտել է երկուսի` Հայաստանի և Ադրբեջանի զարգացմանը, բայց այդուհանդերձ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ խաղաղության բերող ցավագին զիջումների գնալ»,- գրում է փորձագետը:
Վաալը նկատում է, որ վերջին շրջանում Իլհամ Ալիևն Ադրբեջանը վերածել է ողջ Եվրոպայի ամենաավտորիտար երկրի և ուժեղացրել իր ռազմատենչ հռետորաբանությունը` «հրապարակայնորեն հայերին անվանելով «ֆաշիստներ» և «ահաբեկիչներ»»: Վաալը դիտարկում է անում, որ ի տարբերություն Ալիևի ռազմատենչ հռետորաբանության, Հայաստանի նախագահը միայն վերջերս է ուժեղացրել իր քաղաքական հռետորաբանությունը` «Ղարաբաղը Հայաստանի անբաժան մաս» անվանելով:
Շարունակելով խոսել հակամարտության կարգավորման գործում Մոսկվայի դերակատարման մասին` փորձագետը գրում է, որ Ռուսաստանը փորձում է ձևավորել այս վտանգավոր իրավիճակը, սակայն ամբողջովին չի «ձգում թելերը»: Ըստ նրա` Մոսկվան ռազմավարական շահ ունի հակամարտության լուծման մեջ, և ժամանակ առ ժամանակ պատասխանատու խաղաղարարի դեր է ստանձնում: Միաժամանակ, փորձագետի պնդմամբ, Ռուսաստանը նաև պարբերաբար օգտագործում է հակամարտությունը` Հայաստանից և Ադրբեջանից մարտավարական օգուտներ քաղելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան