ԱՆ փոխնախարարը այցելել է ցմահ դատապարտյալներին ու հորդորել դադարեցնել հացադուլը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարականով այսօր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանի հետ այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, հոկտեմբերի 12-ից հացադուլի մեջ գտնվող ցմահ դատապարտյալներին:
Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ԱՆ լրատվական ծառայությունից: Ըստ աղբյուրի, նախարարի տեղակալն ու ՔԿՎ պետի առաջին տեղակալը տեղում ծանոթացել են դատապարտյալների խնդիրներին, քննարկել դրանց լուծման ճանապարհները՝ հորդորելով նրանց դադարեցնել հացադուլն ու զերծ մնալ ծայրահեղ քայլերից ու գործողություններից: Ցմահ դատապարտյալներին տեղեկացվել է նաև վիճակի բարելավմանը միտված մի շարք օրենսդրական նախաձեռնությունների մասին:
Նաև վստահեցնում են, որ Արդարադատության նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ցմահ ազատազրկման դատապարտված անձանց խնդիրները՝ ձեռնարկելով գործուն քայլեր դրանց լուծման ուղղությամբ: Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող շուրջ 50 ցմահ դատապարտյալներ հացադուլ էին հայտարարել՝ իրենց վերաբերյալ քրեական գործերը վերանայելու պահանջով:
Նախորդող հրապարակումներ՝
Արդարադատության նախարարությունը աշխատում է ցմահ դատապարտյալների հետ, որ դադարեցնեն հացադուլը