Իտալացի մասնագետը՝ Դադիվանքի որմնանկարների մասին. Այստեղ ուրիշ բան կա, որի մասին չգիտեի
Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանը զուգահեռ հինավուրց Դադիվանքը զբոսաշրջային մեծ պահանջարկ վայելող ուղղություններից կդառնա: Այսօր հայ և օտար այցելուների ուշադրությունը գրավում են հուշարձանի ճարտարապետական արժանիքները: Շուտով Դադիվանքի այցելուները հնարավորություն կունենան գնահատելու նաև վանական համալիրի բացառիկ որմնանկարների արժեքը:
Արցախի Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում նշվում է, որ իտալացի ու հայ մասնագետներն արդեն երկու տարի աշխատում են, նախ մաքրման աշխատանքներ են իրականացվել:
Վերականգնող ճարտարապետ Արա Զարյանը հեռուստաընկերության հետ զրույցում նշել է, որ պատերը պատված էին մրով:
«Երբ 60-ական թվականներից սկսած, տարածքը Ադրբեջանի տիրապետության ներքո էր, եկեղեցում քուրդ մեծ ընտանիք էր ապրում: Նրանք կրակ էին վառել, տաքացել, մուրն էլ կպել էր պատերին»,-ասում է նա:
Դադիվանքի Կաթողիկե եկեղեցում վերականգնման մասնագետ Քրիստին Լամուղեն վերականգնել է մրով ու կեղտով ծածկված որմնանկարները, որոնց պատկերները բավականին լավ էին պահպանվել: Որմնանկարները ենթարկվել են պահպանողական վերականգնման:
Արվեստի գործերի վերականգնման մասնագետ, ազգությամբ իտալացի Լամուղեն մինչ Արցախ գալը ուսումնասիրել է որմնանկարներն ու պատրաստել անհրաժեշտ նյութերը:
«Հոյակապ նկարչական երևույթի հետ գործ ունենք, սա ինձ համար նորություն է: Ես բավականին շատ աշխատանքներ եմ կատարել, բայց այստեղ ուրիշ բան կա, որ չգիտեի: որմնանկարչության տեխնիկան ու գունային լուծումները յուրատեսակ են»,-ասում է իտալացի մասնագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան