Հայ բժիշկները հոգի են դնում իրենց աշխատանքի մեջ. Պերճ Ապգարյան
Հայ բժիշկները հոգի են դնում իրենց աշխատանքի մեջ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանը:
Հիշեցնենք, որ Ֆրեզնոյի բժիշկների խումբը Հայաստան է եկել հոկտեմբերի 5-ին և այս օրերին աշխատել ինչպես Հայաստանի շրջաններում, այնպես էլ Երևանի հիվանդանոցներում։
Պ.Ապգարյանի խոսքերով՝ մարզերի հիվանդանոցներից Ֆրեզնոյի մասնագետները լավ տպավորություն են ստացել: Իհարկե, ըստ նրա, որոշ խնդիրներ կան, բայց դրանք կան բոլոր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում: «Մեզ հետ Հայաստան է ժամանել նաև ԱՄՆ-ում հայտնի մանկաբույժ Գարինե Լեպեջյանը, ով այս օրերին եղել է մարզային մի շարք հիվանդանոցներում: Նրա կարծիքով՝ հայ մանկաբույժներն աշխատում են հոգով ու սրտով, մեծ պատասխանատվությամբ: Թեկուզ նրանք քիչ հնարավորություն ունեն, բայց այնուամենայնիվ հսկայական աշխատանք են տանում»,- նշեց հյուպատոսը:
Ֆրեզնոյի «Կայզեր» կլինիկայի ներքին հիվանդությունների բաժնի ղեկավար Կարապետ Խաչիկյանն էլ իր հերթին նշեց, որ այս օրերին եղել է Լոռու մարզում, Քաշաթաղում և համոզվել, որ հայ մասնագետները ամենևին գիտելիքների պակաս չունեն, խնդիրները պարզապես կապված են ժողովրդի կենսամակարդակի հետ, ինչը լուծելի կլինի, երբ բժշկական ապահովագրությունից օգտվողների թիվը մեծանա:
Ատամնաբույժ Վաչե Վասիլյանն էլ նշեց, որ ինքը զարմացած է մարզերում գործող ատամնաբուժարաններով: «Հայաստանի մարզերում տեսա մեծ թվով ատամնաբուժարաններ, որոնք մեր երկրում չկան: Հատկապես Վանաձորում գործող ստոմատոլոգիական կենտրոնը ինձ զարմացրեց ոչ միայն իր սարքավորումներով ու կադրերով, այլև դեռ մանկահասակ տարիքից մասնագիտությունը ուսումնասիրելու ձգտումով»,- ասաց Վ.Վասիլյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում