Իրանը և Ադրբեջանը ցանկանում են միացնել իրենց երկաթգծերը
Իրանի մայրաքաղաք Թեհրանում հոկտեմբերի 13-ին Իրանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է փոխհամաձայնության հուշագիր` «Հյուսիս-հարավ» երկաթգծի կառուցման վերաբերյալ, որը կմիացնի երկու երկրների երկաթգծային ցանցերը:
Ռուսական Iran.ru գործակալության փոխանցմամբ` Իրանի և Ադրբեջանի տնտեսական հանձնաժողովների մասնակցությամբ համատեղ նիստի ընթացքում ստորագրված հուշագիրը նախատեսում է, որ կառուցվող երկաթգիծը կապահովի 5 մլն տոննա բեռնափոխադրում, և այն կապող օղակ կհանդիսանա Հյուսիսային Եվրոպայի և Հարավարևելյան Ասիայի երկրների միջև: Նախատեսվող երկաթգիծը կկապվի նաև ռուսական երկաթուղային համակարգի հետ, ինչը ըստ ծրագրի` կբարձրացնի դրա պահանջարկը:
Այնուհետև գործակալությունն անդրադառնում է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման շուրջ ընթացող բանակցություններին և գրում է, որ չնայծ երկարատև բանակցություններին` մինչ այժմ կառավարական մակարդակով կառուցման որոշում չի կայացվել:
«Այդուամենայնիվ, հայ փորձագետների կարծիքով` Իրանը և Ադրբեջանը վաղուց քննարկում են այդ նախագիծը, սակայն դրա իրագործումը մշտապես հետաձգվում է, և բացառված չէ, որ այս անգամ ևս շինարարության սկիզբը հետաձգվի», - գրում է պարբերականը:
Գործակալության տվյալներով` «Հյուսիս-հարավ» երկաթգծի նախագիծը Հայաստանով անցկացնելու դեպքում կարժենա 3,2 մլրդ դոլար, որը սակայն Հայաստանն ի վիճակի չէ տրամադրել և հովանավորներ է փնտրում: Սակայն այս տարբերակի իրագործման դեպքում բեռնափոխադրման ծավալները կկազմեն 15-18 մլն տոննա: