«Սոսե» կինոփառատոն. Հանրապետականից՝ միջազգային
Հոկտեմբերի 17-24-ը Երևանում տեղի կունենա «Սոսե» միջազգային կինոփառատոնը: Panorama.am-ի հետ զրույցում փառատոնի հիմնադիր նախագահ Ռիտա Խալաթյանն ասաց, որ կինոփառատոնը կրում է հայոց պատմության վառ անհատականություններից մեկի՝ Սոսե Մայրիկի անունը, նպատակն է ներկայացնել կնոջը՝ խոսելով նրա արժանիքների, խնդիրների, իրավունքների, նվաճումների, կարողությունների և առհասարակ նրա դերակատարման մասին։
«Աշխարհում մինչ օրս գոյություն ունի անհանդուրժողականություն, կանանց իրավունքների ոտնահարում, բռնության տարատեսակ դրսևորումներ և այլն։ Ցավոք սրտի, 21-րդ դարում դեռևս շատ են կանանց հանդեպ ֆիզիկական և հոգեբանական ճնշումները, դա առավել տարածված է արևելյան և կովկասյան մի շարք պետություններում։ Այս ամենի վառ ապացույցներից մեկն է առվել լայնորեն տարածված կանանց թրաֆիքինգը»,- նշեց նա:
Նա հիշեցրեց, որ 2014 թ-ի ապրիլի 18-ին «Զիս» մշակույթի կենտրոնը կազմակերպել էր «Սոսե» հանրապետական կինոփառատոնը «Բովանդակությունը՝ կին» խորագրով: Այս տարի, Ռ. Խալաթյանի խոսքով, այս տարի որոշվել է ընդլայնել փառատոնի շրջանակներն և այն դարձավ «Սոսե» միջազգային կինոփառատոն. «Փառատոնի միջազգային դառնալու կարևորությունը կայանում է նրանում, որ թերևս մեր տարածաշրջանի համար շատ կարևոր է միջազգային ամենատարբեր միջոցառումների կազմակերպումն ու փորձի փոխանակումը, մշակութային երկխոսությունը, համագործակցելու հնարավորությունը»:
«Սոսե» միջազգային կինոփառատոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Սիրանույշ Նազլուխանյանն ասաց, որ կինոփառատոնը բացի իր հիմնական մրցութային ծրագրից ունի ևս 2 ծրագիր, որոնք կարող են նաև շրջանցել կնոջ թեման՝ «Հատուկ թեմա» և «Ուսանողական» ծրագրերին։ «Հատուկ թեմա» մրցութային ծրագրի այս տարվա թեման է «Պահպանի՛ր մարդուն», այն նվիրվում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, «Ուսանողական» մրցութային ծրագրում մասնակցում են հայ և արտասահմանում ապրող ու ստեղծագործող ուսանողները:
Նա տեղեկացրեց, որ «Սոսե-2015» միջազգային կինոփառատոնին այս տարի ֆիլմի հայտ են ներկայացրել 74 երկրից, ընտրվել է 98 ֆիլմ 40 երկրից, որոնք համապատասխանում են կինոփառատոնի բովանդակությանն ու կանոնակարգին: Ֆիլմերի դիտումները տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում, Նարեկացի արվեստի միությունում, Գոյ թատրոնում, ԵԹԿՊԻ-ում: Այս տարվա ժյուրիի կազմում են՝ Աշոտ Ադամյան (Հայաստան), Դայանա Անգելսոն (ԱՄՆ), Արթուր Թումասյան (ԱՄՆ), Էնրիկո Ալեքսանդր Ջորդանո (Ֆրանսիա), Արտո Խաչատուրյան (Հայաստան), Սառա Ջոե Վոլանսկի (ԱՄՆ), Գարեգին Գրիգորյան (Հայաստան):