Հայ ու չեխ Պնախարարները մտադիր են համագործակցել ռազմաարդյունաբերության ոլորտում
Չեխիայում պաշտոնական այցով գտնվող պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու չեխ գործընկեր Մարտին Ստորպնիցկին հանդիպման ժամանակ ընդգծել են քաղաքական և տնտեսական ոլորտներում հայ-չեխական կապերի դինամիկ զարգացումը:
Ըստ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հրապարակած հաղորդագրության, փոխադարձ շահագրգռվածության և պատրաստականության հետ միասին այդ կապերը ստեղծել են նաև պաշտպանության ոլորտում գործնական համագործակցություն զարգացնելու նախադրյալներ:
Որպես երկկողմ համագործակցության խոստումնալից ոլորտներ, մատնանշվել են ռազմական արդյունաբերությունը, կրթությունը, բժշկությունը, իրավապահությունը, ինչպես նաև հումանիտար ականազերծումն ու կիբերանվտանգությունը:
Չեխիայում գտնվելու առաջին օրը ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է նաև չեխական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, ներկա է գտնվել տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների հայ-չեխական բիզնես ֆորումի բացման արարողությանը:
Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կայցելի Չեխիայի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի այլ ձեռնարկություններ և Բռնո քաղաքում տեղակայված Չեխիայի պաշտպանական համալսարան: