Առաջին անգամ Հայաստան գալով, կարողացանք արդյունավետ աշխատանքներ իրականացնել. Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս
«Առաջին անգամ Հայաստան գալով, կարողացանք արդյունավետ աշխատանքներ իրականացնել և, կարծում եմ, որ մեր համագործակցությունը հայաստանյան բժիշկների հետ շարունակական կլինի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանը, ով ԱՄՆ բազմափորձ բժիշկների պատվիրակության հետ ժամանել է Հայաստան:
Նշենք, որ հյուպատոս Պերճ Ապգարյանի նախաձեռնությամբ, ՀՀ Նախագահի ու ՀՀ առողջապահության նախարարի հրավերով հոկտեմբերի 5-ից 15-ը Հայաստանում է գտնվում ԱՄՆ բազմափորձ բժիշկների և մասնագետների պատվիրակությունը (թվով` 25 հոգի)։ Նրանք Հայաստանում գործընկերներին են փոխանցել ոլորտի լավագույն և առաջադեմ փորձը, կիսվել են իրենց մասնագիտական կարողություններով ու հմտություններով, ինչպես նաև տեղի բժիշկների հետ համատեղ վիրահատություններ են իրականացրել:
Արձագանքելով ՀՀ Նախագահի` «Տարածքների համաչափ զարգացման» ծրագրին և նպատակ ունենալով նպաստելու մարզերի առողջապահական համակարգերի արդիականացմանը` խումբն առանձնակի կարևորել է մարզերի բուժաշխատողների մասնագիտական կարողությունների բարձրացումը։ Բժիշկների պատվիրակությունն իր առաքելությունն իրականացրել է հանրապետության տարբեր մարզերում` կատարելով անհատույց բժշկական խորհրդատվություններ, վիրահատություններ` կիսվելով մասնագիտական փորձով, կազմակերպելով դասընթացներ:
Պերճ Ապգարյանի խոսքերով՝ իրենց առաքելության հիմնաքարը ամուր է: «Մենք կարողացանք հարազատ կապ ստեղծել ոչ միայն նախարարության, այլև Հայաստանի հիվանդանոցներում աշխատող հայ մասնագետների, ղեկավարների հետ: Հանդիպումը գործընկերների հետ երաշխիք է հարատև կապ հաստատելու տեսանկյունից: Գոհ ենք, որ առաջին անգամ Հայաստան գալով, կարողացանք արդյունավետ աշխատանքներ տանել. մեր համագործակցությունը հեռահար է և մենք տպավորված ենք Հայաստան կատարած այցով»,- ասաց Պերճ Ապգարյանը:
Նա հատկապես կարևորեց ամերկացի բժիշկների նվիրվածությունը, որոնք այս օրերին աշխատել են մեծ նվիրվածությամբ: «Հայ բժիշկների համար մեծ հաճույք է հայրենիքում գտնվել և ներդրում ունենալ առողջապահական համակարգում, սակայն ամերիկացի բժիշկների այստեղ գտնվելը ավելի մեծ զոհաբերություն է, քանի որ թողնելով իրենց առօրյա պարտականությունները, իրենց ընտանիքները, հիվանդանոցը, եկել են Հայաստան՝ հավատալով, որ մեր առաքելությունը մեծ նպատակներ է հետապնդում: Հուսով եմ, որ նրանց ու հայաստանյան բժիշկների համագործակցությունը գալիք տարիներին ավելի կխորանա»,- ընդգծեց Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոսը:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ նախապես ունեցած պայմանավորվածության համաձայն ամերիկյան մասնագետներն աշխատել են Երևանում, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում: ԱՄՆ-ից ժամանած հայ և այլ ազգեր ներկայացնող մասնագետներն իրականացրել են 505 հետազոտություն, կատարել 16 վիրահատություն, բազմաթիվ բուժական միջամտություններ, այդ թվում` ստոմատոլոգիական ծառայություն` 90, մանկաբուժական ծառայություն` 26, առաջնային բուժզննում` 87, բաժանմունքային բուժզննում` 302։ Պատվիրակության մասնագետներն աշխատել են ԱՆ Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, «Արաբկիր» բժշկական համալիրում, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Նրանք ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում, ինչպես նաև Երևանի Պետական բժշկական համալսարանի 95-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովում դասախոսություններ են կարդացել մարզերի և Երևանի բժիշկների համար` «Լյարդի ցիրոզի կառավարում», «Ստոմատոլոգիա», «Դիմածնոտային վիրաբուժություն» և այլ արդիական թեմաներով։
Նշենք նաև, որ Ֆրեզնոյի բժիշկներին ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ բարձր գնահատելով նրանց առաքելության կարեւորությունը: Իսկ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նրանց հանձնել է պատվոգրեր՝ առողջապահության համակարգի զարգացման գործում ունեցած ավանդի համար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում