Ստեփանյան. Ռուսական շուկայում պետք է ստեղծել հայկական պանրի յուրօրինակ իմիջ
Ռուսական շուկա արտահանված հայկական պանիրը գնի առումով մրցունակ չէ: Գյուղատնտեսության նախարարությունում ու պետական այլ մարմիններում արտադրողների ունեցած խնդիրների մասին տեղյակ են: Հիմա քայլեր են ձեռնարկում, որպեսզի հայկական պանիրը մրցունակ լինի որակի առումով: Այս պահին ռուսներին առաքվում են հայկական պանրի ավանդական տեսակները՝ լոռի, չանախ, հորած ու թել պանիր:
Panorama.am-ի հետ զրույցում ԳՆ Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Թաթուլ Ստեփանյանը հայտնեց, որ այս տարվա ութ ամիսների ընթացքում առավել շատ պանիր է արտահանվել, քան նախորդ ողջ տարվա ընթացքում:
«2014 թվականին արտադրվել է 18 հազար 317 տոննա պանիր և կաթնաշոռ, որից 1 542.4 տոննան արտահանվել է: 2015 թ 8 ամիսներին արտադրվել է 13 հազար տոննա, արտահանվել է 3 763.5 տոննա»,-թվերը ներկայացրեց վարչության պետն ու ավելացրեց, որ կաթնամթերքի այս տեսակը հիմնականում արտահանվում է Ռուսաստան, քիչ քանակությամբ՝ նաև եվրոպական երկրներ ու ԱՄՆ:
Արտահանման ժամանակ, ըստ պաշտոնյայի, վարչական խնդիրներ ի հայտ չեն գալիս, իսկ ԵՏՄ միասնական ցանկում նշված այն հիվանդությունները, որոնց առկայության պարագայում արգելվում է տվյալ երկրից պանիր արտահանել, Հայաստանում չկան:
«Հիվանդությունների վերաբերյալ ԵՏՄ միասնական մի մեծ ցանկ է՝ դաբաղն է, սիբիրախտն է և այլն, դրանք բարեբախտաբար, մեր երկրում չկան: Խնդիրը կարող է լինել տեխնիկական բնույթի, երբ հունվարի 1-ից գործեն Հիվանդությունների վերահսկողության և սանիտարական կանոնների անվտանգության վերաբերյալ պահանջները»,-ասաց Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունվարի 1-ից տեղական արտադրողների և ներկրողների համար ուժի մեջ են մտնում սերտիֆիկացման նոր ստանդարտները, որոնք բխում են ԵԱՏՄ տեխնիկական նոր կանոնակարգերից: 2016 թվականի հունվարի 2-ից ազգային օրենսդրությունը մի շարք արտադրանքի, մասնավորապես սննդամթերքի, վերաբերյալ արդեն չի կիրառվելու:
Հայ արտադրողների համար թիվ մեկ խնդիրն այս պահին բարձր գինն է. «Դա կապված է ռուբլու ցածր կուրսի հետ: Վերջին ամսվա տվյալներով եմ օրինակ բերում, եթե մեկ լիտր կաթը, պայմանական եմ ասում, Ռուսաստանում արժե 100 դրամ: Ընդ որում, պետությունը 11 դրամի չափով կոմպեսացիա է տրամադրում ֆերմերներին: Նրանց մոտ կաթի ինքնարժեքը մի քիչ ցածր է: Եթե մեր արտադրողը գնի մեջ ներառում է նաև տեղափոխման ծախսերը, ապա հայկական պանիրն ավելի թանկ է լինում»:
ԳՆ վարչության պետն էլ այն համոզման է, որ հայ ֆերմերները պետք է ռուսական շուկայում հայկական պանրի յուրօրինակ իմիջ ստեղծեն:
«Եթե տանենք նույնը, որ այնտեղ է արտադրվում, ապա մրցունակ չի լինում: Հիմա Ռուսաստան սանկցիաների պատճառով եվրոպական պանիր չի ներմուծվում: Վերջերս Ագրարային համալսարանի պանրագործ գիտնականների կողմից երկու առաջարկություն ենք ստացել, ուղարկել ենք կառավարություն: Մեկը շվեյցարական պանրի արտադրությունն է, որը նախատեսվում է իրականացնել Տաշիրի տարածաշրջանում, երկրորդն էլ ռոքֆորն է, որը կարելի է արտադրել Թալինի տարածաշրջանում»,-ասաց նա:
Նախորդ տարիների վիճակագրությունն այս առումով խոստումնալից է: ԽՍՀՄ տարիներին այդ երկրների սպառած շվեյցարական պանրի կեսն ապահովել է Հայաստանը, արտադրվել է հենց Տաշիրում, ինքնարժեքի ու բիզնես հետաքրքրության առումով շատ շահութաբեր է եղել:
«Հիմա այդ առաջարկություններն ուղարկվել են կառավարություն: Տեղեկացրել ենք, որ տեխնիկական համլրման ու վերազինման անհրաժեշտություն կա, մենք կարող ենք այս պահը օգտագործել, բայց այս պահին վերջնական արդյունքի մասին բան ասել չեմ կարող»,-ասաց ԳՆ վարչության պետը:
Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պանրի արտադրության ծավալներն աճել են 4.4 տոկոսով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան