Ֆրանսիական կինոյի լեգենդի մի մասը....Անրի Վերնոյի ծննդյան օրն է
«Հրաժարվել արմատներից՝ նշանակում է հրաժարվել ինքդ քեզնից»,- ասել է կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Անրի Վեռնոյը:
Այսօր Անրի Վերնոյ (իրական անունը՝ Աշոտ Հակոբի Մալաքյան) ծննդյան օրն է՝ 1920 թվական, Թուրքիայի Ռոդոստո վայր:
1924 թ-ին ընտանիքի հետ Թուրքիայից գաղթել է Հունաստան, ապա հաստատվել է Մարսելում, 1930 թ-ին՝ Փարիզում: Վաղ տարիքում երգել է Մարսելի հայկական եկեղեցում, հաճախել կաթոլիկական դպրոց:
Վեռնոյն ավարտել է Էքս ան Պրովանսի ֆրանսիական լիցեյը, այնուհետև ստացել բարձրագույն կրթություն, դարձել լրագրող: Ֆրանսիական մամուլում հոդվածաշար է տպագրել Հայկական հարցի, ռադիոհաղորդումներ վարել կինոյի մասին: 1948 թ-ից աշխատել է կինոյում. եղել է ռեժիսորի ասիստենտ, ապա` բեմադրող ռեժիսոր, նկարահանել է շուրջ 20 կարճամետրաժ կինոնկարներ:
1948 թ-ին նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Հայոց վշտի և ազատության երգիչը» (նվիրված է գրող Ավետիս Ահարոնյանին): Առաջին լիամետրաժ՝ «Սեղան մեռածների համար» (1951 թ., ըստ Մարսել Էմեի) կինոնկարով Վեռնոյը դասվել է Ֆրանսիայի լավագույն ռեժիսորների շարքը: Նրա ֆիլմերում նկարահանվել են նշանավոր դերասաններ Ֆեռնանդելը, Ժան Գաբենը, Ժան-Պոլ Բելմոնդոն, Ալեն Դելոնը, Էնտոնի Քուինը, Հենրի Ֆոնդան, Իվ Մոնտանը և ուրիշներ: Վեռնոյն ստեղծել է շուրջ 60 լիամետրաժ կինոնկարներ. լավագույններից են՝ «Արգելված պտուղ» (1952 թ.), «Կառնավալ» (1953 թ.), «Կովը և զինվորը» (1959 թ.), «Նախագահը» (1961 թ.), «Ճակատամարտ Սեն Սեբաստիանում» (1968 թ.), «Սարսափ քաղաքում» (1975 թ.), «Հազար միլիարդ դոլար» (1982 թ.) և այլն:
Վեռնոյը 1988 թ-ի Սպիտակի երկրաշարժին նվիրված «Քեզ համար, Հայաստան» երգի (տեքստը՝ Շառլ Ազնավուրի, երաժշտությունը՝ Տիրան Կառվարենցի) տեսահոլովակի ռեժիսորն է: Հայկական թեմային անդրադարձել է վերջին երկու՝ «Մայրիկ» (ըստ իր «Մայրիկ» վեպի, նաև սցենարի հեղինակն է) և «Պարադի փողոց, տուն 588» (երկուսն էլ՝ 1991 թ.) կինոնկարներում, որտեղ ներկայացնում է իր ընտանիքի պատմությունը:
«Մեզանից շատերը գրեթե ոչինչ չգիտեին 1915 թ-ի ցեղասպանության մասին: Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմը մեզ հնարավորություն տվեց ծանոթանալու անցյալի ողբերգական դեպքերին»,- ասել է ֆրանսիացի պետական գործիչ Ֆիլիպ Դուստ Բլազը:
Վեռնոյն արժանացել է Գլխավոր («Հնգոտանի ոչխարը», 1954 թ., Լոկառնո), «Օսկար» («Այսպիսի տարբեր ճակատագրեր» ֆիլմի սցենարի համար, 1956 թ.), «Ոսկե արմավենու ճյուղ» («Հարյուր հազար դոլար արևի տակ», 1964 թ., Կանն), «Սեզար» (կինոյում ունեցած ներդրման համար, 1996 թ., Ֆրանսիա) մրցանակների:
Վեռնոյը Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ էր:
1980 թվականին այցելել է Հայաստան: Վեռնոյը պարգևատրվել է Հայ եկեղեցու «Սբ Գրիգոր Լուսավորիչ» I աստիճանի շքանշանով (1980 թ.): Ոսկե ծիրան կիոփառատոնի շրջանակներում արժանացել է «Սերգեյ Փարաջանով» մրցանակի (հետմահու) համաշխարային կինոյում մեծ ավանդի համար։
Անրի Վեռնոյը ֆրանսիական կինոյի (մասնավորապես՝ դետեկտիվ, արկածային և կատակերգական) վարպետներից է:
«Վեռնոյը ֆրանսիական կինոյի լեգենդի մի մասն է»,- ասպես է արտայտվել նրա մասին Ֆրանսիայի 22-րդ նախագահ Ժակ Շիրակը:
Ա. Վեռնոյը մահացել է 2002 թվականի հունվարի 11-ին Ֆրանսիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում