Ինչու՞ են «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճռից գոհ թե Հայաստանը, թե Փերինչեքը
«Եվրոպական դատարանի այս վճիռը դրական է այն իմաստով, որ Մեծ պալատի վճիռը, ի տարբերություն ստորին պալատի, հստակ արձանագրեց, որ ցեղասպանության փաստի ճանաչումը կամ քննարկումն իր խնդիրը չէ: Դատարանն ինքը ընդգծեց, որ իրավասու էլ չէ անդրադառնալու միջազգային իրավունքում ցեղասպանության հասկացության բովանդակության քննարկմանը»,- այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճռի հրապարակումից հետո
Panorama.am-ին ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի տեղակալ, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը։
Ինչպես նշեց Արման Թաթոյանը, վճռի 102-րդ կետում դատարանն արձանագրում է, որ դատարանը կոչված չէ և իրավասու էլ չի որոշելու՝ արդյոք զանգվածային կոտորածներն ու տեղահանումները, որոնք իրականացվել են հայերի նկատմամբ ցեղասպանություն են, թե ոչ։ Բացի այդ, կարևոր է նաև այն, որ վճռում խոսվում է նաև հայերի՝ իրենց նախնիների ինքնությունը, արժանապատվությունը հարգելու մասին։
Հարցին, թե ինչպես է ստացվել, որ վճիռը բավարարում է դիմող կողմին՝ Փերինչեքին և, միաժամանակ, Հայաստանին՝ որպես երրորդ կողմ, Արման Թաթոյանը պատասխանեց․«Փերինչեքը դատապարտվել էր Շվեյցարայում և այդ առումով Եվրոպական դատարանը վճռով պաշտպանեց նրա խոսքի ազատության իրավունքը: Փերինչեքն այս գործում, հանդես գալով՝ որպես մասնավոր անձ, գանգատ էր ներկայացրել Շվեյցարիայի դեմ՝ իր դատապարտումը Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում ճանաչելու պահանջով։ Այսինքն՝ Փերինչեքի առնչությամբ այս հարցը վերաբերում է կոնկրետ իրավիճակում նրա նկատմամբ Շվեյցարիայի քրեական օրենսգրքի
կիրառության հարցին: Ինչ վերաբերում է Թուրքիային այս գործին մասնակցում էր երրորդ կողմի կարգավիճակում՝ հիմնական խնդիր ունենալով վերջնականապես ապահովել հայոց ցեղասպանության փաստի իրավական և պատմական ժխտումը Եվրոպական դատարանի կողմից։ Այսինքն՝ Թուրքիան գործում ներգրավվել էր շատ ավելի գլոբալ խնդիր լուծելու համար: Դա Թուրքիային չհաջողվեց»։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի տեղակալը վճիռը կարևորեց նաև Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածի՝ դատապարտումը թրքությունը վիրավորելու համար, կիրառությունը հստակեցնելու առումով, երբ շատ հայեր և ցեղասպանության թուրք աջակիցներ դատապարտվում են այս հոդվածով։
«Այս հոդվածի կիրառության շրջանակը կնեղացվի և խնդրահարույց կլինի այն ձևով կիրառելու առումով, ինչպես եղել է մինչ օրս»,-ասաց Արման Թաթոյանը:
Նախորդող`
Եվրոպայի հայ դատի գրասենյակը ողջունում է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» ՄԻԵԴ վճիռը
Ջեոֆրի Ռոբերթսոն. Այս վճիռը կարևոր և մեծ նշանակություն ունի հայերի համար
Գևորգ Կոստանյան. ««Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով մենք մեր նպատակին հասանք»
ՀՀ կառավարության պահանջները Փերինչեքի գործով ամբողջությամբ բավարարվեցին Եվրոպական դատարանի կողմից
ՄԻԵԴ պաշտոնական պարզաբանումները «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճռի վերաբերյալ
ՄԻԵԴ Մեծ պալատը հաստատում է. Հայոց ցեղասպանության հերքումը նսեմացնում է հայության արժանապատվությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան