Մենք ներդրողների համար բաց ենք և պատրաստ ենք քննարկել նրանց մասնակցության ձևաչափը. Զախարյանը՝ իրանցի գործարարներին
Հաշվի առնելով, որ էներգետիկայի բնագավառը տարիներ շարունակ հանդիսանում է հայ-իրանական տնտեսական համագործակցության կարևորագույն ուղղություններից մեկը, այսօր Երևանում անցկացվող հայ-իրանական գործարար հանձնաժողովում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ներկայացրեց Հայաստանի էներգետիկայի բնագավառի ծրագրերը:
Նրա խոսքերով՝ այսօր Հայաստանի էներգետիկ համակարգի ընդհանուր դրվածքային հզորությունը կազմում է շուրջ 3200 մեգավատտ, որից հասանելի է շուրջ 2670-ը: Ըստ նրա՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ հաջողությամբ իրականացվում են բարձրավոլտ էլեկտրահաղորդման 270 կիլովատտ ցանցի ենթակայանների և գծերի արդիականացման և նոր ենթակառուցվածքների ու գծերի կառուցման ծրագրերը:
«Հաշվի առնելով 2013-2014 թվականների ընթացքում էներգետիկ շուկայի և էներգետիկ համակարգում կիրառվող տեխնոլոգիաների զարգացման ոլորտներում արձանագրված փոփոխությունները, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրման խորացման և ընդլայնման նկատվող միտումները, և Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների հետ բանակցությունների արդյունքները, անհրաժեշտություն է առաջանում նախանշել և մեկտեղել երկարաժամկետ հեռանկարում մինչև 2036 թվականը էներգետիկայի բնագավառում ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերը, որի նպատակով մշակվել է «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները» փաստաթուղթը»,- ընդգծեց Ե.Զախարյանը:
Նախարարի խոսքերով՝ մինչև 2036 թվականն իրականացվելիք միջոցառումներից առավելագույն կարևորներն են՝ էլեկտրաէներգետիկ շուկայի փուլային ազատականացում՝ նրա էֆեկտիվությունը բարձրացնելու և ներդրումները խթանելու նպատակով, ինչը բխում է ՀՀ Եվրասիական տնտեսական միությանը միանալու և Եվրոպական միության առջև ստանձնած պարտավորություններից:
Ե.Զախարյանը տարածաշրջանային համագործակցության առումով կարևորեց Հայաստան-Վրաստան և Հայաստան-Իրան 400 կիլովատտ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը: Մասնավորապես, ըստ նրա, 2018 թվականին Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրագծի կառուցումից հետո, երբ կստեղծվի զուգահեռ աշխատանքի հնարավորություն, հնարավոր կդառնա նաև էլեկտահամակարգի ինտեգրումը ԵՏՄ երկրների էներգահամակարգին և Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի ստեղծումը: «Այդ հանգամանքը կնպաստի ներդրումների ներգրավումը նաև ավանդական արտադրական հզորությունների զարգացման համար»,- ասաց էներգետիկայի և բնական պաշարների նախարարը:
Նախարարը նշեց նաև, որ 2027թ.-ից հետո Իրան-Հայաստան գազ-էլեկտրաէներգիա փոխանակման պայմանագրի երկարացումը կբարելավվի ամբողջական էներգահամակարգի, այդ թվում նաև նոր 1000 ՄՎտ միջուկային էներգաբլոկի տնտեսական և տեխնիկական ցուցանիշները:
«Սա նույնպես փոխշահավետ է երկու երկրների համար»,- նշեց Ե.Զախարյանը:
Նա նաև ասաց, որ Հայաստանն ակնկալում է մինչև 2033-2035 թվականները Մեղրիի ՀԷԿ-ն ընդգրկել ՀՀ էներգահամակարգում:
«Մենք ներդրողների համար բաց ենք և պատրաստ ենք քննարկել նրանց մասնակցության ձևաչափը: Մենք առաջնորդվում ենք տեղական ռեսուրսների, տնտեսապես հիմնավորված ներուժի ամբողջական և նպատակային օգտագործման գաղափարով: Այստեղ առանձնահատուկ նշանակություն ունեն վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրերով այնպիսի մեխանիզմների կիրառումը, որոնք կմեղմացնեն սպառողական սակագնի վրա ներդրումների ազդեցությունը»,- ասաց Ե.Զախարյանը՝ հավելելով, որ վերականգնվող էներգետիկայի հետագա զարգացման խթանման նպատակով 2014թ-ին «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու արդյունքում լրազուցիչ արտոնություններ են սահմանվել վերականգնվող էներգետիկայի համար: