Ստամբուլում Սարգիս Մուրադյանի աշխատանքների ցուցահանդեսը մեծ հետաքրքրության է արժանացել (լուսանկարներ)
«Երևի թե հայրս դեմ չէր լինի: Մինչև գնալն անընդհատ խոսում էի ընկերներիս հետ ՝ արդյոք դեմ չէր լինի, որ իր արվեստը ներկայացվի Թուրքիայում: Բայց այսօր «Կոմիտասի վերջին գիշեր» ստեղծագործությունը կախված է Ստամբուլի հենց կենտրոնում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ականավոր նկարիչ Սարգիս Մուրադյանի դուստրը՝ Զարուհի Մուրադյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Ստամբուլի Sismanoglio Megaro կենտրոնում բացվել է Սարգիս Մուրադյանի աշխատանքների ցուցահանդեսը։ «Անցյալից դեպի ապագա» ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 18-ը։ Ցուցահանդեսի կազմակերպիչն է «Սարգիս Մուրադյան» պատկերասրահը և Ստամբուլում լույս տեսնող «Փարոս» ամսագիրը:
Ցուցահանդեսում, ըստ Զ. Մուրադյանի, ներկայացված է 30 աշխատանք՝ 16 գեղանկար, 14 գրաֆիկա՝ դիմանկարներ, բնապատկերներ, կոմպոզիցիոն աշխատանքներ, այդ թվում նաև «Կոմիտաս. վերջին գիշերը» կտավի մի տարբերակ (1986 թ.): Բոլոր նկարներն ընտանեկան հավաքածուից են:
«Ցուցահանդեսի հիմնական գաղափարը վերածնունդն է՝ անցյալից եկան, հաղթահարեցին դժվարություններ և վերածնվեցին»,- ասաց նա:
Զ. Մուրադյանը պատմեց, որ երկար ժամանակ մտածում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ստամբուլում ցուցահանդես կազմակերպելու մասին: Բավականին երկար ժամանակ փորձել է գտնել այնպիսի մեկին, ով կարող էր Ստամբուլում զբաղվել կազմակերպչական աշխատանքներով. «Կապվեցի այդ ամսագրի հետ, ով արդեն հայ նկարիչների մի քանի ցուցահանդես կազմակերպել էր Ստամբուլում: Ուղարկեցի 45 նկարի լուսանկար, իրենք ընտրեցին 30-ը: Աշխատանքային պրոցեսը բավականին երկար տևեց: Նկարները Ստամբուլ ենք հասցրել ինքնաթիռով»:
Զ. Մուրադյանի խոսքով, հետաքրքրությունը ցուցահանդեսի նկատմամբ բավականին մեծ էր: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եկել մոտ 400 մարդ՝ հայեր, հույներ, թուրքեր, նաև Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, հունաց արքեպիսկոպոսը, հյուպատոսը, ով նաև ելույթ է ունեցել:
Ցուցահանդեսին անդրադարձել են թուրքալեզու թերթեր:
ՀՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանը (1927 թ, հունիսի 23, Երևան - 2007 թ. հուլիսի 12, Երևան) առաջիններից է անդրադարձել Մեծ եղեռնի («Վերջին գիշերը։ Կոմիտաս», 1956, Հայաստանի ազգային պատկերասրահ, «Կոմիտաս, 1915 թվական, ապրիլ», 1965) և հայ ժողովրդի պատմական անցյալի թեմաներին («Սարդարապատի հերոսամարտը», եռապատկեր,1977, Հայաստանի պատմության թանգարան): Մուրադյանի արվեստում առանցքային է ժամանակակից մարդու թեման՝ «Գարունը լեռներում» (1960), «Զարթոնք» (1963, ՀԱՊ) և այլն, որոնց բնորոշ են վառ գունապատկերը, անհատականացված կերպարները, զգացմունքային հագեցվածությունը։
Լուսանկարները՝ Զարուհի Մուրադյանի ֆեյսբուքյան էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան