ԵԱՏՄ հանձնաժողովը կղեկավարի ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը
2016-ի փետրվարի 1-ից ԵԱՏՄ նախագահությունը կանցնի Հայաստանին, իսկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կղեկավարի ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»:
«Մենք որոշել ենք, թե ով 2016-ի փետրվարի 1-ին ՌԴ-ից հետո՝ Վիկտոր Խրիստենկոյից հետո կղեկավարի մեր հանձնաժողովը»,- հաղորդել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ նիստում:
Լուկաշենկոն ընդգծել է, որ Տիգրան Սարգսյանի թեկնածությունն արժանացել է ՌԴ նախագահ Պուտինի հավանությանը:
«Տիգրան Սարգսյանի թեկնածությունն արժանացել է ՌԴ նախագահ Պուտինի հավանությանը, նա նրա հետ աշխատել է, ասում են, շատ փորձառու, առաջադեմ մասնագետ է»,-նշել է Լուկաշենկոն:
Այժմ ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը ՌԴ ներկայացուցիչ Վիկտոր Խրիստենկոն է: Բելառուսը ներկայում նախագահում է ԵԱՏՄ-ում:
Լուկաշենկոն նաև հաղորդել է, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստը կայանալու է դեկտեմբերին՝ Մոսկվայում: