ԵՆԲ-ն պատրաստ է շարունակել տեխնիկական և ֆինանսական աջակցությունը Հայաստանին. ԵՆԲ փոխնախագահ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Լասլո Բարանյայի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Եվրոպական միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից և այս համատեքստում գոհունակությամբ նշել է, որ հոկտեմբերի 12-ին ԵՄ խորհուրդը Եվրոպական հանձնաժողովին և ԵՄ Բարձր ներկայացուցչին մանդատ տվեց՝ Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու համար, որն էլ հնարավորություն կտա նոր մակարդակի բարձրացնել ՀՀ-ԵՄ հարաբերությունները: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
ԵՆԲ փոխնախագահը նշել է, որ բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում տարբեր բնագավառներում իրականացվող ծրագրերի կատարողականի արդյունքները տպավորիչ են, և ԵՆԲ-ն պատրաստ է շարունակել տեխնիկական և ֆինանսական աջակցությունը մեր երկրին: Նա նաև ընդգծել է, որ ֆինանսավորման ավելացման անհրաժեշտություն կա, և Եվրոպական ներդրումային բանկը պատրաստ է ավելացնել Հայաստանին տրամադրվող աջակցության չափը: Նա հեռանկարային է համարել ճանապարհային, ջրային ենթակառուցվածքների բարելավման, ջրային ռեսուրսների կառավարման, կրթության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը: